ՀԲ. Ապրիլին գրանցվել է բյուջեի ընդհանուր հավելուրդ
Ապրիլին գրանցվել է բյուջեի ընդհանուր հավելուրդ, որը համարժեք է տարեկան կանխատեսվող ՀՆԱ-ի 0.5 տոկոսի: ՀԲ« Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները. Հունիս 2026 թ․» զեկույցի համաձայն, ընդհանուր հարկային մուտքերն ու դրամաշնորհներն անվանական արտահայտությամբ ավելացել են 16.3 տոկոսով (տ/տ): Հարկային եկամուտները զգալիորեն ավելացել են 15.7 տոկոսով (տ/տ), և այս աճի երկու երրորդը պայմանավորված է շահութահարկով (21.4 տոկոս աճ, տ/տ), ինչը վկայում է 2025 թվականին ձևավորված զգալի շահույթների մասին, քանի որ շահութահարկի մասով բոլոր պարտավորությունները պետք է կատարված լինեն մինչև ապրիլի վերջը: Բյուջեի ընդհանուր ծախսերն ավելացել են 12.3 տոկոսով (տ/տ)` պայմանավորված ընթացիկ ծախսերի 19.2 տոկոս (տ/տ) ավելացմամբ, ինչն էլ պայմանավորված էր սոցիալական ոլորտում հատկացումների 23.4 տոկոս ավելացմամբ (տ/տ):
Ի հակադրություն սրա` կապիտալ ծախսերը կրճատվել են 37.5 տոկոսով (տ/տ), ինչը հիմնականում պայմանավորված է պաշտպանական ծախսերի 40.6 տոկոս նվազմամբ: Հունվարից- ապրիլ ամիսների կուտակային կապիտալ ծախսերը մնացել են բյուջետային ծրագրից մոտ 30 տոկոսով ցածր։ Ֆունկցիոնալ դասակարգման վրա հիմնված առողջապահական ծախսերը բարձր են` ավելացել են 75 տոկոսով (տ/տ), ինչը պայմանավորված է հանրային առողջապահական ապահովագրության ծրագրով: Մինչև ապրիլի վերջը առողջապահության ոլորտի ընդհանուր ծախսերը 50 տոկոսով գերազանցել են նախահաշվային բյուջեն, ինչը վկայում է տարվա մնացած մասի համար ավելի մեծ ֆինանսական կարիքների մասին: Հունվարից ապրիլն ընկած ժամանակամիջոցում ընդհանուր հավելուրդը կազմել է տարեկան կանխատեսված ՀՆԱ-ի 1 տոկոսը, մինչդեռ բյուջետային նախահաշվով պլանավորված էր ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով պակասուրդ: