Հայաստանը վեց H145 ուղղաթիռ ձեռք կբերի
Հայաստանը Airbus ընկերությունից վեց բազմաֆունկցիոնալ H145 ուղղաթիռ ձեռք կբերի՝ իր ուղղաթիռային պարկի արդիականացման նպատակով։ Այս մասին հայտնում է ավիացիայի հարցերին նվիրված AviTrader կայքը։
Գործարքը, որի արժեքը չի հրապարակվում, վերջնականացվել է 2026-ի մայիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում։
Ըստ արտադրողի՝ H145 մոդելն առանձնանում է բարձր արդյունավետությամբ և հարմարեցված է բարձրլեռնային պայմաններին, ինչը կարևոր է Հայաստանի լեռնային ռելիեֆի համար։ Աշխարհում շահագործվում է H145 ընտանիքի ավելի քան 1800 ուղղաթիռ, որոնց ընդհանուր թռիչքային ժամանակը գերազանցում է 8,5 միլիոն ժամը։
Ուղղաթիռի հնգաթիակ պտուտակով տարբերակն ապահովում է ավելի մեծ բեռնատարողություն, թռիչքի ավելի սահուն ընթացք և ավելի պարզ տեխնիկական սպասարկում։ Հրապարակման մեջ մատակարարման ժամկետներ չեն նշվել: Այնուամենայնիվ, քանի որ H145-ի պատվերները մեծ են, ըստ աղբյուրի, առաջին օդանավը, ամենայն հավանականությամբ, տեղ կհասնի 2029 թվականի վերջին կամ 2030 թվականի սկզբին։