Մեր ռազմավարությունն է, որ հետագայում Երևանում ամբողջապես անցնենք էլեկտրական տրանսպորտի․ Ավինյան

Երևան քաղաքում «Հայգեր» մակնիշի ավտոբուսների փոխարինումից հետո Երևանի հանրային տրանսպորտի համար, բացի էլեկտրական տրանսպորտից, այլ տեսակի  տրանսպորտ ձեռք չի բերվի:  

Այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Մեր հանրային տրանսպորտի  բարեփոխման նոր ռազմավարության մեջ իրենց ուրույն տեղն ունեն նոր տրոլեյբուսները։ Մենք ծրագրում ենք դեռ 20-ից ավելի նոր տրոլեյբուսներ ձեռք բերել։  Մեր հանրային տրանսպորտում միակ հին շարժակազմը, որ մնացել է, «Հայգեր» մակնիշի մանուշակագույն ավտոբուսներն են, որոնք շուտով նույնպես պետք է փոխարինվեն»,-ասաց նա։

Ավինյանը հավելեց, որ էլեկտրական ավտոբուսների գնում է պլանավորվում է, և այս պահի դրությամբ Կառավարության ներդրումային կոմիտեի քննարկման հարցերից մեկը էլեկտրական ավտոբուսների մասին հարցն է։

«Եվ այստեղ ունենք երկու առաջարկ. առաջինը 18 մետրանոց 250 էլեկտրական ավտոբուս գնելու հարցն է։ Երկրորդն այն է, որ ունենք նոր վերլուծություն, որով առաջարկվում է 18 մետրանոցների փոխարեն գնել 12 մետրանոց էլեկտրական ավտոբուսներ, բայց որոշ ժամանակ հետո մենք կվերջնականացնենք բոլոր վերլուծությունները։  «Հայգեր» մակնիշի ավտոբուսները մենք կփոխարինենք, բայց էլեկտրական տրանսպորտով չենք փոխարինի։ Սակայն դրանից հետո Երևանը, բացի էլեկտրական տրանսպորտից, այլ տեսակի հանրային տրանսպորտ չի գնելու։ Մեր ռազմավարությունն այն է, որ հետագայում Երևանում պետք է ամբողջապես անցնենք էլեկտրական տրանսպորտի»,- ասաց քաղաքապետը։

Երևանի ավագանին նիստում կողմ քվեարկեց նաև Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեի «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրով` 4,326,300,000.00 (չորս միլիարդ երեք հարյուր քսանվեց միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ձեռք բերված թվով 45 հատ YUTONG ZK6128BEVG մակնիշի տրոլեյբուսները սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը: