ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում՝ մասնակցելու 2026 թվականի հունիսի 20–28-ը Լոնդոնում անցկացվող «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» (London Climate Action Week – LCAW) համաշխարհային համաժողովին։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:
«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի կլիմայական և բնապահպանական օրակարգը, ամրապնդելու միջազգային համագործակցությունը, ինչպես նաև խթանելու ֆինանսական, տեխնոլոգիական և քաղաքական աջակցության ներգրավումը՝ կլիմայական և բնապահպանական նախաձեռնությունների արդյունավետ իրականացման նպատակով։
Այցի շրջանակում նախարարը հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության Բնության նախարար Մերի Գրեգի և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկել են Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, կազմակերպչական և բովանդակային առաջնահերթությունները, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ նպաստելու COP17-ի հաջող անցկացմանը և կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի առաջմղմանը։