«Արարատցեմենտ»-ից մինչև «Մուլտի գրուպ»․ Ծառուկյանի ընկերություններից պահանջում են գույքերի վերադարձ. «Հետք»
Արարատի մարզի դատախազությունը 2026թ. հունիսի 23-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի։ Պահանջում է ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Ոսկե բանալի» պրոֆիլակատորիայի (առողջարան) անշարժ գույքի վրա տարածել բռնագանձում։ Անշարժ գույքը գտնվում է Արարատ քաղաքի Շահումյան 5 հասցեում։ Դատախազությունը հայց է ներկայացրել նաև Ծառուկյանին պատկանող այլ գույքերի վերաբերյալ, գրում է «Հետքը»։
Հայցադիմումը մակագրվել է դատավոր Նարինե Ավագյանին և դեռևս վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։
Նույն օրը Գլխավոր դատախազությունն էլ հայցադիմում է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի, վերջինիս պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի, «Բեղլու» ՓԲԸ-ի, «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, Պետական գույքի կառավարման կոմիտեի դեմ։ Այս հայցով պահանջվում է անվավեր ճանաչել սեփականաշնորհման պայմանագիրը, անշարժ գույքի առուվաճառքի, հողամասի վարձակալության պայմանագրերը և գույքերը հետ պահանջել ապօրինի տիրապետությունից։ Թե որ գույքերի մասին է՝ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում մանրամասներ չկան։
Այս գործը մակագրվել է դատավոր Ռուդոլֆ Ավագյանին և դարձյալ վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։
Դատախազությունն ավելի վաղ՝ 2026թ. հունիսի 8-ին հայտարարել էր, որ «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ:
Ըստ դատախազության՝ Կառավարության ղեկավարի 2003թ. հունվարի 9-ի որոշմամբ, Պետական գույքի կառավարման նախարարին թույլատրվել է Արարատ քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող՝ 44 միլիոն 390 հազար դրամ արժեքով «Ոսկե բանալի» պրոֆիլակտորիան (առողջարանը) վաճառել մրցույթով՝ որպես նվազագույն գին սահմանելով 6 միլիոն 500 հազար դրամը:
Մրցույթում հաղթող է ճանաչվել «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն: Ընկերությունը 2003թ. օգոստոսի 15-ին կնքված պայմանագրով պարտավորվել է պայմանագրի կնքման պահից երկու տարվա ընթացքում կատարել 30 հազար ԱՄՆ դոլարի ներդրում, ինչպես նաև նույն ժամանակահատվածում ստեղծել 30 աշխատատեղ: Ընկերությունը հետագայում ներկայացրել է բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր այն մասին, իբրև կատարել է վերոնշյալ պարտավորությունները:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 20-ին, հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը շուտով վերադարձվելու է պետությանը։
Վարչապետն փոխանցմամբ՝ Կառավարությունն արդեն գրություն է ստացել Գլխավոր դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման։
«Գուլոյան-Ծառուկյան մաֆիան դեռ նոր պետք է իր հատուցմանը հասնի։ Ինչպես 2021 թվականին ձեզ խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված պրոցեսներ են լինելու, հիմա ձեզ ուղիղ ասում եմ՝ շատ շուտով Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև այդ Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է, և Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն իսկ գրություն է ստացել Հայաստանի Հանրապետության դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման»,- հայտարարեց Փաշինյանը։
Նույն օրը հաղորդագրություն տարածեց նաև Գլխավոր դատախազությունը՝ հայտարարելով, որ ուսումնասիրել է 2002թ. «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը և խախտումներ հայտնաբերել։