ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կհասկանա ԵԱՏՄ-ին անդամակցության առավելությունները․ Պեսկով

Ռուսաստանը հույս ունի, որ Երևանն ի վերջո ընտրություն կկատարի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) օգտին, քանի որ այդ ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն ավելի շահավետ է, քան ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք համոզված ենք, որ այս ինտեգրացիոն գործընթացը տարեկան կտրվածքով զգալի տոկոս է ապահովում Հայաստանի ՀՆԱ-ի աճին։ Եվ մենք համոզված ենք, որ իր բոլոր որակական բնութագրերով մեր ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն գերազանցում է մյուս այլընտրանքներին։ Մենք հուսով ենք, որ առաջին հերթին հայ ժողովուրդը, ինչպես նաև Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, իրավիճակի վերլուծության արդյունքում կհանգեն նույն տեսակետին»,- նշել է նա։

Պեսկովը հավելել է, որ Երևանն այժմ գտնվում է զարգացման իր ուղու ընտրության գործընթացում, և դա կարևոր է Մոսկվայի համար, քանի որ Ռուսաստանն ու Հայաստանը «երկար դարեր շարունակ եղել են եղբայրական երկրներ»։