Փաշինյանն ասաց, թե ինչ փոփոխություններ կանի կառավարության կազմում

Ընդհանուր առմամբ, կառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կառավարության անդամների փոփոխություններ չեմ տեսնում, չեմ նախատեսում. փոխվարչապետներ և նախարարներ, այլ մակարդակներում որոշ փոփոխություններ, մտածում եմ, որ տեղի կունենան»,-ասաց Փաշինյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում է կայացվելու ԱԺ նախագահի թեկնածոյւի մասով: Առաջադրված թեկնածուներից փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը: 

«Մեր պլանն այն է, որ այսօրվա նիստում այդ հարցով պետք է լսենք թեկնածուներին, հարցեր տանք, մտքեր փոխանակենք և որոշումներ կայացնենք: Ես իմ քվեարկությունը կանեմ փակ, գաղտնի ռեժիմով, ինչպես նաև մյուս գործընկերները»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է գործադիրի կազմին, ապա ընդհանուր առմամբ, ըստ Փաշինյանի, Կառավարության անդամների կազմում՝ փոխվարչապետներ և նախարարներ, փոփոխություններ չեն լինի, իսկ այլ մակարդակներում որոշ փոփոխություններ տեղի կունենան:

Այս համատեքստում Փաշինյանը հիշեցրեց, որ հայտարարություն է տարածել, որով հրավիրում է աշխարհի լավագույն 200 բուհերի շրջանավարտներին՝ ներառվելու Կառավարության կադրային բանկում, և եթե կլինեն մարդիկ, որոնք Կառավարության տեսլականը կկիսեն և պահանջները կբավարարեն, նրանք կանցնեն աշխատանքի պետական համակարգում: