Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան

Եվրամիությունից այսօր հաստատել են՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան՝ Ռուսաստանի կողմից քաղաքաքական ճնշման ֆոնին՝ ընդգծելու Բրյուսելի աջակցությունը Հայաստանին:

Հաղորդվում է, որ Եվրահանձնաժողովի նախագահը կայցելի նաև Ադրբեջան:

«Ֆոն դեր Լայենի՝ Հարավային Կովկաս կատարելիք այցի նպատակն է՝ ցույց տալ ԵՄ-ի աջակցությունն այդ երկրներին»,- Reuters-ի փոխանցմամբ հաղորդում են Եվրամիությունից:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն էլ հուլիսի 5-ին կայցելի Հայաստան:

Հայաստանում ԵՄ պատվիրակությունից այս ամիս հաղորդեցին, որ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով:

«Նախագահ ֆոն դեր Լայենի և վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցից ընդամենը երկու շաբաթ անց ԵՄ-ն արդեն իսկ իրականացնում է Հայաստանի և նրա ժողովրդի աջակցության ուղղությամբ ստանձնած հանձնառությունները։ Այս ֆինանսական աջակցությունը նախագահ ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առևտրի դյուրացման և համերաշխության միջոցառումներ», - ասված էր հաղորդագրությունում:

Մայիսի սկզբին ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ԵՄ-ն և Հայաստանը կշարունակեն սերտ համագործակցությունը՝ խորացնելով գործարար կապերը և ընդլայնելով հայկական արտադրողների համար շուկաների մատչելիությունը, նշված էր հաղորդագրությունում: