Եվրոպայում հունիսի 21-ից գրանցվել է շոգի հետ կապված լրացուցիչ մահացության ավելի քան 1 300 դեպք

Ամռան սկզբին Եվրոպան պատած աննախադեպ շոգի ալիքը կարող էր հարյուրավոր վաղաժամ մահերի պատճառ դառնալ։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, հաղորդում է BBC News-ը։

Ըստ նրա, հունիսի 21-ից Եվրոպայում գրանցվել է ծայրահեղ բարձր ջերմաստիճանների հետ կապված լրացուցիչ մահացության ավելի քան 1 300 դեպք։ ԱՀԿ ղեկավարը ջերմային սթրեսը անվանել է «լուռ մարդասպան»՝ ընդգծելով, որ եվրոպական տները, աշխատավայրերն ու դպրոցները նախատեսված չեն եղել նման բարձր ջերմաստիճանների համար։

Ֆրանսիայում Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ անցած չորեքշաբթիից ի վեր մահացածների թիվը սպասվածից մոտ հազարով ավելի է եղել։ Լրացուցիչ մահերի մեծ մասը բաժին է ընկել 65 տարեկանից բարձր մարդկանց։ Միևնույն ժամանակ տանը մահվան դեպքերի թիվն աճել է 40%-ով։

Թեդրոսը հիշեցրել է, որ Եվրոպան մոլորակի ամենաարագ տաքացող մայրցամաքն է, որտեղ ջերմաստիճանը բարձրանում է համաշխարհային միջին տեմպից երկու անգամ արագ։ Ըստ նրա, միլիոնավոր եվրոպացիներ շարունակում են ապրել ծայրահեղ շոգի պայմաններում, հարյուրավոր մարդիկ արդեն մահացել են, շատ երկրներում դպրոցները փակվել են, իսկ էներգետիկ համակարգերը լուրջ ծանրաբեռնվածություն են կրում։

Կիրակի օրը Գերմանիան երրորդ օրն անընդմեջ թարմացրել է ազգային ջերմաստիճանային ռեկորդը։ Նախնական տվյալներով, Լեհաստանի սահմանից ոչ հեռու գտնվող Քոշենի օդերևութաբանական կայանում ջերմաչափի սնդիկը բարձրացել է մինչև 41,7 °C։

Չեխիայում նույնպես երկրորդ օրն անընդմեջ սահմանվել է նոր ջերմաստիճանային ռեկորդ։ Պրահայից հյուսիս գտնվող Դոքսանի քաղաքում գրանցվել է 41,1 °C։ Չեխիայի հիդրոօդերևութաբանական ինստիտուտի տվյալներով, շոգի գագաթնակետը եղել է հենց կիրակի օրը, որից հետո երկրի արևմտյան շրջաններում սպասվում են ուժեղ ամպրոպներ։

Լեհաստանը նույնպես թարմացրել է բացարձակ ջերմաստիճանային առավելագույնը․ Սլուբիցե քաղաքում օդը տաքացել է մինչև 40,5 °C։

ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ այսպիսի ծայրահեղ շոգը կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման հետևանք է։ Ըստ նրա, շոգի ալիքները, որոնք նախկինում համարվում էին «սերնդում մեկ անգամ» տեղի ունեցող երևույթ, այժմ գրեթե ամեն տարի են լինում։ Թեդրոսը եվրոպական պետություններին կոչ է արել ավելի ակտիվորեն ներդնել բնակչությանը ծայրահեղ շոգի հետևանքներից պաշտպանելու ազգային ծրագրերը։