Sputnik. ՀՀ իշխանությունները հույս ունեն պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կրճատել մինչև 45%
ՀՀ իշխանությունները հույս ունեն 5 տարվա ընթացքում կառավարության պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կրճատել մինչև 45%։ Այս մասին Ալմաթիում կայացած Եվրասիական զարգացման բանկի բիզնես ֆորումի շրջանակներում Sputnik Արմենիային ասաց ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։
Ավելի վաղ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները մտադիր են առաջիկա տարիներին կառավարության պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը նվազեցնել մինչև 45%՝ կոնկրետ ժամկետներ չնշելով։
«Պարտքը կախված է մի քանի գործոններից, մասնավորապես՝ դեֆիցիտից և ՀՆԱ-ի աճից։ Հստակ ժամկետերից խոսելը մի քիչ անլուրջ կլինի։ Միջնաժամկետ ժամկետում դա թիրախ է», – նշել է փոխնախարարը։
Շատ բան, նրա խոսքով, կախված է նրանից, թե մեր հարկաբյուջետային տարածքը ինչով կսահմանափակվի, արդյոք նոր ճգնաժամեր Հայաստանը տեսնելու է, թե ոչ։ Բայց ընդհանուր կառավարության նպատակն այն է, որ մոտակա ժամանակներում շարժվենք այդ ուղղությամբ։ Դա թույլ կտա կրճատել պետական պարտքի սպասարկման ծախսերը և մանևրի համար ավելի մեծ հնարավորություններ կտա։
«Եթե խոսենք միջնաժամկետ հեռանկարի մասին, ապա մոտավորապես հինգ տարի պետք է նկատի ունենանք։ Կարևորն այն է, որ մեր քաղաքականությունը հետևողական և կայուն է մնում։ Մենք փորձում ենք բյուջեի դեֆիցիտը պահել կայուն մակարդակի վրա, և դա համադրելով տնտեսական աճի հետ, բարձրացնենք նոր մարտահրավերներին հակազդելու տնտեսության կարողությունը», – ասել է Ավանեսյանը։