Արտահանման սահմանափակումների հետևանքով Հայաստանը կարող է կորցնել ՀՆԱ–ի 2%-ը. Թավադյան

Հայաստանից գյուղատնտեսական և որոշ այլ ապրանքների արտահանման սահմանափակումները կարող են հանգեցնել ՀՀ ՀՆԱ–ի շուրջ 2 տոկոս անկման. Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Աղասի Թավադյանը։
«Եթե դիտարկենք այն ապրանքները, որոնք արգելքների տակ են, այսինքն՝ կոնյակը, ձուկը, պտուղները, որոնք այս պահին փչանում են, դրանց արտահանումը կազմում է մեր ՀՆԱ–ի 2%–ը։ Այսինքն, մեր ընդհանուր կորուստը կկազմի ՀՆԱ–ի 2 %–ը»,– ասում է Թավադյանը։
Նկատենք, որ 2025 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը կազմել է ավելի քան 11,3 տրլն դրամ, որում արտահանման 2 տոկոսը կազմում է շուրջ 226 մլրդ դրամ։
Եթե խմիչքների դեպքում արտադրողներն ու արտահանողները իրենց ավելցուկային արտադրանքը իրացնելու անհամեմատ համար ավելի շատ ժամանակ ունեն, ապա պտուղ–բանջարեղենի դեպքում ռուսական շուկային այլընտրանք կարող է լինել միայն որևէ մոտ գտնվող երկիր` հաշվի առնելով, որ խոսքը շուտ փչացող ապրանքի մասին է։
Իսկ եթե չհաջողվի արագ կազմակերպել բերքի արտահանումը, գյուղացին, Թավադյանի խոսքով, ոչ միայն կզրկվի ֆինանսական միջոցներից, այլև հաջորդ տարի գյուղատնտեսությամբ զբաղվելու մոտիվացիայից։
Գյուղատնտեսությունից ու արտաքին առևտրից բացի Ռուսաստանը մեծ դերակատարում ունի նաև ՀՀ բանկային ոլորտում, որտեղ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով 13%–անոց անկում կա` նախորդ տարվա 27% աճի համեմատ։
Աղասի Թավադյանը հիշեցնում է, որ ՀՀ բանկային համակարգում արտաքին կապիտալի ներհոսքը սկսվեց 2022թ–ին` ռուս–ուկրաինական կոնֆլիկտով պայմանավորված, և աստիճանաբար թուլացավ հետագա տարիներին։ Ներհոսքի հաջորդ ալիքը գրանցվեց այս տարվա փետրվար–մարտ ամիսներին` արդեն Իրանից` դարձյալ պայմանավորված պատերազմական գործողություններով։ Այսօր այս ալիքը ևս դանդաղել է։
«2026 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 3, 95 % տնտեսական աճ։ Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, երևում է, որ այդ ալիքը սպառվում է։ Օրինակ՝ 2023 թվականի առաջին եռամսյակում ունեցել ենք 12, 4 % աճ, 2024-ին՝ 7,25 %, այս պահին՝ 4 %։ Ամենաբարձր տնտեսական աճը գրանցվել է 2022 թ․-ին` 12․6 %, որի մոտ կեսը պայմանավորված է եղել ՌԴ–ից եկած կապիտալով և ՏՏ ոլորտի մասնագետներով, որոնք անմիջականորեն նպաստել են տվյալ ոլորտների աճին»,– արձանագրում է Թավադյանը` հավելելով, որ այս ոլորտներում ևս այսօր արդեն նվազումն ակնհայտ է։
Վերլուծելով 2026թ–ի առաջին եռամսյակի տնտեսական ցուցանիշները` Աղասի Թավադյանն արձանագրում է, որ տվյալ ժամանակահատվածի շուրջ 4 %–անոց աճին նպաստած հիմնական ոլորտներն են շինարարությունն ու հանքարդյունաբերությունը, որոնք միասնական ապահովել են այդ աճի գրեթե կեսը։
Այսպես`հանքարդյունաբերությունը, որտեղ 2025 թվականի առաջին եռամսյակում աճը բացասական էր, այս տարվա նույն ժամանակահատվածում 27 % աճ է արձանագրել։ Շինարարությունը, որտեղ աճն անցած տարի մոտ 14 % էր, այս տարի 21 % աճ ունի։ Իսկ, օրինակ, արդյունաբերությունը, որը տնտեսության հիմնական շարժիչ ուժն է համարվում, և որը մեկ տարի առաջ կրճատվել էր ավելի քան 20%-ով, այս տարվա առաջին եռամսյակում 0.2– տոկոսանոց դրական դինամիկա է արձանագրել։