Միակ լուծումը մարդատար մեքենաների գերծանրաբեռնված տեղեր քիչ մտնելն է. Ավինյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում երթևեկող մեքենաների 35%-ն ընդամնեը 2 կմ է երթևեկում, ծանրաբեռնվածությունը պետք է լինի հանրային տրանսպորտում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը` ներկայացնելով կենտրոնում կատարված ուսումնասիրությունները։

«Կենտրոնում երթևեկող թեթև մարդատար մեքենաների շարժը վերջին շրջանում ուսումնասիրվել է: Միջինում 10-20 կմ/ժ արագությամբ են երթևեկում մեքենաները կենտրոնում պիկ ժամերին, բայց ֆիքսենք, որ մարդու քայլքը միջինում 5 կմ/ժ է:

Կենտրոնում թեթև մարդատար մեքենայով երթևեկության մոտ 35%-ը 2 կմ հեռավորության համար է իրականացվում: Հիմնականում միայն կենտրոնում է այդպես լինում»,- նշեց Ավինյանը:

Նրա խոսքով` ընթանում են շինարարություններ, նոր կամուրջների կառուցման ծրագրեր, բայց այնուամենայնիվ Երևանի, հատկապես՝ փոքր կենտրոնի փողոցներն ավելի լայնանալու հնարավորություն չունեն։ Ըստ Ավինյանի` տարեցտարի ավելի շատ մարդատար մեքենաներ են քաղաքում հայտնվում և առաջին բանը, որ պետք է արվի` հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում առանձնացված գծեր ունենալն է, որպեսզի հանրային տրանսպորտով ուղևորությունները դառնան ավելի արագ։

Շեշտեց՝ գերծանրաբեռնված հատվածներում չպետք է մեքենաները շատ լինեն, այդ ծանրաբեռնվածությունը պետք է կենտրոնանա հանրային տրանսպորտի վրա:

Ավինյանը նաև հանձնարարեց` որպես առաջնային ծրագիր պետք է դիտարկել մետրոյի կայարանների հարակից տարածքներում մեծ ավտոկայանատեղիներ ունենալը։ Ընդգծեց` մարդիկ պետք է կարողնանա գալ և կայանել իրենց մեքենաները այդ հատվածներում, ապա իրենց շարժը շարունակել հանրային տրանսպորտով։