«Հյուսիս–հարավ» միջպետական ճանապարհին էստակադա կառուցելու մրցույթը կայացել է. մանրամասներ

Արտաշատի խճուղի - Մ2 - Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցում էստակադա կառուցելու համար մրցույթը կայացել է, կա հաղթող ընկերություն։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը։
«Այդ հատվածում պետք է կառուցվի էստակադա և փոքր ճանապարհային հատված։ Արդեն ծրագրի շրջանակում մրցութային գործընթացներն ավարտվել են, ընտրվել են տեխնիկական հսկողության և շինարարական աշխատանքների իրականացման կազմակերպությունները։ Մեկի հետ պայմանագիրը կնքվել է, մյուսը դեռ կնքման փուլում է։ Ներդրումային ընդհանուր ծախսը 1.3 մլրդ դրամ է»,– ասաց Բաբայանը։
Նրա խոսքով` 2026 թվականին ծրագրի մեկնարկի համար անհրաժեշտ է լինելու մինչև 400 մլն դրամ ֆինանսավորում։ Անհրաժեշտ փաստաթղթերն արդեն պատրաստ են, ֆինանսների փոխանցման պահից շինաշխատանքները հնարավոր կլինի սկսել։
Թբիլիսյան խճուղին Եղվարդի խճուղուն կապող շրջանցիկ ճանապարհի (երկարությունը` 2.5 կմ, լայնությունը` 25 մ) նախագծի շուրջ արդեն միջազգային խորհրդատվական ընկերություն է աշխատում։
Նշենք, որ այս ճանապարհը նախատեսված է տրանսպորտային հոսքերը բեռնաթափելու և Դավթաշենի կամրջի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար։
«Ակնկալում ենք, որ հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին Ձեզ մոտ (նկատի ունի Տիգրան Ավինյանին – խմբ.) նախնական քննարկում կունենանք լուծումների վերաբերյալ։ Վստահաբար այս տարի ամբողջական փաթեթով հանդես կգանք Ներդրումային կոմիտեում` ֆինանսավորման բանակցությունները մեկնարկելու համար։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ այս ճանապարհը շատ կարևոր է, քանի որ կառուցվելու են կամուրջներ, Մ-4 ճանապարհն էլ միանալու է «Հյուսիս–հարավի» շրջանցիկ ճանապարհին։ Նրա խոսքով` փաստացի` Թբիլիսյան խճուղին ուղիղ միանում է «Հյուսիս–հարավի» շրջանցիկ ճանապարհին։ Սա, ըստ քաղաքապետի, Երևանի համար ամենակարևոր և խոշորագույն ծրագիրն է` 2 կամուրջ է լինելու Կորեայի ձորի վրայով։ Ավինյանը վստահ է` այս ճանապարհն էականորեն բեռնաթափելու է մայրաքաղաքը։