Պետական միջոցներով Ղարաբաղից տեղահանվածներն ամենաշատը բնակարաններ ձեռք են բերել Կոտայքում, Արմավիրում

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնց նպատակն է լավարկել եղած պայմանները և նպաստել, որ ավելի շատ ընտանիքներ օգտվեն։ Հրավիրված ասուլիսում  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ փոփոխությունները վերաբերում են ինչպես շահառուներին, այնպես էլ միջգերատեսչական աշխատանքներին։

«Առաջին փոփոխությունը վերաբերում է ամուսնալուծված ընտանիքներին։ Խնդիրներ էին լինում, երբ անչափահաս երեխաները մի ծնողի խնամքի ներքո էին, իսկ ծրագրի համար դիմում էր մյուս ծնողը։ Այժմ նոր կարգավորումներով կարգը հետևյալն է՝ ամուսնալուծված անձը, ում խնամքի ներքո չեն անչափահաս երեխաները, կարող է առանձին դիմել ծրագրին հավաստագիր ստանալու համար»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը։ Այս փոփոխության անհրաժեշտությունը գալիս է հենց ամուսնալուծված ընտանիքներից, պետությունն ընդառաջել է պայմանները լավարկելու նպատակով։

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է այն ընտանիքներին, որոնց դիմումը մերժվել է ընտանիքում մանկահասակ երեխայի տվյալների բացակայության հիմքով։ Այսինքն՝ տվյալներն առկա չեն տեղահանվածների շտեմարանում։ Պատճառները տարբեր են, միգուցե տվյալները մուտքագրող օպերատորն է թերացել կամ ծնողը տվյալը չի ներկայացրել և այլն։ Ամեն դեպքում խնդիր կար և անհրաժեշտ էր լուծում։ Արդյունքում որոշվեց, որ եթե 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ երեխայի 6 տարին լրացած չի եղել ու բնակարանային ծրագրից օգտվելու ընտանիքի դիմումը մերժվում է բացառապես երեխայի տվյալների բացակայության հիմքով, ապա նոր փոփոխությամբ այլևս այդ ընտանիքի դիմումը չի մերժվի շտեմարանում երեխայի տվյալների բացակայությամբ պայմանավորված։

«Կատարել ենք մեկ այլ կարևոր փոփոխություն, որը վերաբերում է հավաստագրով տրամադրված գումարի դրական մնացորդին և ծախսվող ուղղություններին։ Ինչպես գիտենք, հավաստագրով բնակարան ձեռք բերելու դեպքում, եթե կա գումարային դրական մնացորդ, ապա քաղաքացին կարող էր դիմել վերանորոգման վարկ ստանալու համար։ Եվ դա կարող էր արվել մեկ անգամ։ Հիմա նոր կարգով հնարավորություն է տրվում, որ քաղաքացիները կարողանան անհրաժեշտության դեպքում երկրորդ անգամ դիմեն դրական մնացորդն օգտագործելու համար»,-ասաց նախարարության ներկայացուցիչն ՝ ավելացնելով, որ դրական մնացորդը շահառուները կարող են օգտագործել նաև անհատական բնակելի տների վերակառուցման ու տնամերձ տարածքի կառուցապատման համար։

Հաճախ շահառուները դժգոհում են, որ հավաստագրով տրված գումարը չի բավականացնում բնակարանի հարցը լուծելու համար, ի՞նչ դրական մնացորդի մասին կարող է լինել խոսքը։ Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ կան շահառուներ, որոնք օգտվել են այդ հնարավորությունից։

«Գուցե խոսքն այն դեպքերի մասին է, որ ընտանիքը փոքրաթիվ է ու Երևանում են ցանկանում տուն ձեռք բերել, սակայն մենք ունենք ընտանիքներ, որոնք մարզերում են տուն ձեռք բերել ու այո, կա նաև գումարի դրական մնացորդ։ Վերջին տվյալներով, կարող եմ ասել, որ ունենք 1014 ընտանիք, որոնք ունեն գումարային դրական մնացորդ, 657-ն արդեն իսկ այդ դրական մնացորդն ուղղել է վերանորոգմանը, 680-ն ուղղել է կահույք ու կենցաղային տեխնիկա գնելու նպատակով»,- ասաց Գայանե Ղարագյոզյանը։

Հաջորդ փոփոխության համաձայն՝ ընտանիքի անդամներն իրենց չիրացրած հավաստագրերը կարող են միավորել այդ ընտանիքի հավաստագրի հետ։ Այս դեպքում աջակցության գումարը կարող է օգտագործվել որպես դրական մնացորդ ծրագրով սահմանված ուղղություններով և սահմանաչափերով։ Տրամադրվող ֆինանսական աջակցությունը չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց։ 

Մինչ այժմ 6911 ընտանիք ստացել է հավաստագիր, որից 3254-ն արդեն իրացրել է։ Քաղաքացիները բնակարաններ ձեռք են բերել հանրապետության բոլոր մարզերում։ Առաջին տեղում Կոտայքն է, այնուհետև Արմավիրը, որին հաջորդում է Արարատը, Երևանը, Լոռին։  

Ծրագրի շրջանակում պետությունը ընտանիքի 1 անձին տրամադրում է 5 մլն դրամ, եթե բնակարանը կամ տունը ձեռք է բերվում կառավարության կողմից սահմանված 252 բնակավայրում, ընդ որում, ոչ բոլորն են սահմանամերձ ու գյուղական։ Երևանում մեկ անձի հաշվով սահմանված է 3 մլն դրամ է, մնացած բոլոր հատվածներում 4 մլն դրամ է։ Տրամադրված հավաստագրերն ուժի մեջ են մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, իսկ ծրագրին կարող են դիմել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։