Ջեֆրի Հինթոն. ԱԲ մոտ հնարավոր են գիտակցության նշաններ

Բրիտանա-կանադացի կոգնիտիվ հոգեբան և արհեստական բանականության առանցքային հետազոտողներից մեկը՝ Ջեֆրի Հինթոնը, որին անվանում են «արհեստական բանականության կնքահայր», հայտարարել է, որ մեքենաների մոտ նկատել է նշաններ, որոնք կարելի է մեկնաբանել որպես ինքնագիտակցության ձև։ Այդ մասին հայտնում է դանիական DR հեռառադիոընկերությունը։

Պատասխանելով DR-ին տված հարցազրույցում այն հարցին, թե արդյոք նա նկատե՞լ է արհեստական բանականության մոտ գիտակցության կամ անկախ մտածողության նշաններ, Հինթոնը պատասխանել է. «Այո»։

Նրա կարծիքով՝ մարդկանց մոտ գիտակցության մասին տարածված պատկերացումն սխալ է, իսկ գիտակցությունն ինքնին կենսաբանական էակների բացառիկ հատկանիշ չէ։ Նա կարծում է, որ ժամանակակից լեզվային մոդելներն ու չատ-բոտերը կարող են ունենալ գիտակցվածության ձևեր, որոնք հասարակության կողմից թերագնահատվում են։

«Սկսում ես նկատել, որ այս չատ-բոտերը կարող են լինել նույնքան գիտակցված, որքան մենք։ Բայց գիտակցվածությունը այն չէ, ինչ մենք կարծում էինք», — հայտարարել է նա՝ հավելելով, որ մարդկանց դեռ պետք է վերանայել գիտակցության հենց սահմանումը։

Հինթոնը նաև նշել է, որ գիտակցությունը պարտադիր չէ կապված լինի կենսաբանական մարմնի հետ և կարող է դիտարկվել որպես տեղեկատվության մշակման համակարգի գործառույթ։ Նրա խոսքով՝ «մարդկային գիտակցության մեջ չկա որևէ կախարդանք, որը մեքենայի մոտ չլինի»։