Ջրամբարների անվտանգությունն ու ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը՝ Ջրային կոմիտեի օրակարգում

Ջրային կոմիտեում այսօր կայացել է Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին  Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Ն. Վարդանյանը, Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի (WISE) ղեկավար Մ. Նալբանդյանը։ Նիստին հրավիրված էր նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության գնդապետ Մ. Բաբաջանյանը։

Նիստի օրակարգում ընդգրկված էին հիդրոտեխնիկական կառույցների անվտանգության ապահովման, ջրամբարների տեխնիկական վիճակի գնահատման, ջրային օրենսդրության կատարելագործման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ուղղված կարևոր հարցեր։

Քննարկվել է ՀՀ կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 4-ի N 957-Ն որոշմամբ սահմանված հիդրոտեխնիկական կառույցների անվտանգության հայտարարագրերի մշակման և փորձաքննության կարգի պահանջների կատարման ընթացքը։ Ընդգծվել է անվտանգության հայտարարագրերի պահանջների վերանայման և խստացման անհրաժեշտությունը՝ կառույցների անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկներին։ Նշվել է, որ գործող օրենսդրությունում առկա մի շարք բացեր գործնականում խոչընդոտում են ոլորտի արդյունավետ կառավարմանը, ինչով պայմանավորված՝ ընդգծվել է օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը։

Առանձին անդրադարձ է կատարվել ջրամբարների փաստացի ծավալների գնահատման և ուսումնասիրությունների իրականացման անհրաժեշտությանը։ 

Ներկայացվել են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված առաջարկություններ։ Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ոռոգման տեխնոլոգիաների արդյունավետության բարձրացման և ջրային ռեսուրսների խնայողական օգտագործման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ հարցերին։

Նիստի ավարտին նախանշվել են հաջորդ հանդիպման ընթացքում քննարկվելիք առաջնահերթ ուղղությունները։