Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը եւ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները

Գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտի 27 ձեռներեցներ եռամսյա ինտենսիվ դասընթացների արդյունքում հնարավորություն են ստացել շահավետ պայմաններով ֆինանսավորում ներգրավել Հայէկոնոմբանկից` ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի շրջանառու ֆոնդի շրջանակում:
Ինչպես նշել են բանկում, «ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր ծրագրի» շրջանակում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը Հայէկոնոմբանկի հետ գործընկերությամբ տասնյակ ՓՄՁ-ների հնարավորություն է տվել հարստացնել բիզնես գիտելիքները եւ մշակել ներդրումային ծրագրեր բիզնեսի աճի, ընդլայնման եւ մասշտաբավորման համար:
ՓՄՁ ներկայացուցիչներն ամիսներ շարունակ աշխատել են փորձառու մենթորների հետ, զարգացրել իրենց բիզնես գաղափարները, կատարելագործել բիզնես ռազմավարությունները եւ ձեռք բերել նոր գիտելիքներ թվային եւ կանաչ վերափոխման, ինչպես նաեւ բիզնեսում արհեստական բանականության կիրառման ոլորտում:
Որպես ծրագրի ֆինանսական գործընկեր՝ Հայէկոնոմբանկը կառավարում էր ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի շրջանառու ֆոնդը: Բանկը ներգրավված էր ծրագրի գրեթե բոլոր փուլերում՝ տրամադրելով խորհրդատվություն, նպաստելով ձեռներեցների ֆինանսական գրագիտության բարձրացմանը եւ աջակցելով ֆինանսավորման գործընթացի նախապատրաստմանը: 
Հաջորդ շրջափուլում նախատեսվում է դիտարկել նաեւ բանկի ակտիվ ներգրավվածությունը ծրագրի մենթորական բաղադրիչում՝ ձեռներեցների ֆինանսական եւ ներդրումային պատրաստվածությունը լրացուցիչ ամրապնդելու, ինչպես նաեւ շրջակա միջավայրի եւ սոցիալական ռիսկերի կառավարման շրջանակում գիտելիքների եւ կարողությունները զարգացնելու նպատակով։
Ծրագրի ավարտին մրցութային ընտրության արդյունքում ընտրվել են 27 հաղթող մասնակիցներ, որոնք հնարավորություն են ստացել մրցակցային պայմաններով օգտվելու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի շրջանառու ֆոնդի կողմից առաջարկվող ֆինանսավորումից, որը կառավարվում է Հայէկոնոմբանկի կողմից: 
«Մենք մեր փոքր բիզնեսը սկսել ենք մեր անձնական միջոցներով՝ խուսափելով վարկի ներգրավումից: Բայց այս ծրագրի շնորհիվ մենք ստացանք բիզնեսի կառավարման կարեւոր գիտելիքներ։ Հասկացանք, որ մեր բիզնեսը հասել է մի շատ կարեւոր հանգրվանի, երբ ներդրումները կարող են նպաստել մեր ընդլայնմանը եւ ապահովել մուտք նոր շուկաներ: Մենք սա դիտարկում ենք որպես շատ կարեւոր ներդրում մեր բիզնեսի ապագայի համար: Ներգրավված միջոցների շնորհիվ մենք կարողացանք ստեղծել նոր պրոդուկտ՝ բնական հումքով լիմոնադներ, որոնց պահանջարկն արտաքին շուկայում շատ մեծ է: Իսկապես շնորհակալ եմ Հայէկոնոմբանկին թե՛ շահավետ ֆինանսավորման եւ թե՛ ծրագրի ամբողջ ընթացքում  խորհրդատվության եւ աջակցության համար: Սա շատ կարեւոր է ՓՄՁ ոլորտի զարգացման համար», - անդրադառնալով ծրագրի արդյունքներին՝ նշել է սննդի արտադրության ոլորտում գործող AYA բրենդի սեփականատեր Նելլի Պողոսյանը՝ ծրագրի արդյունքում ընտրված 27 ձեռներեցներից մեկը:
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: