Գործընկերոջս հետ քննարկել ենք էներգիայի կուտակման կայանքների կառուցման հարցում ԵՄ աջակցության հաստատման և հատկացման հարցը. Նիկոլ Փաշինյան

Վերջին ամիսների ընթացքում մեզ հաջողվել է առաջընթաց արձանագրել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի կարևորագույն ուղղություններից մեկում՝ կապակցվածության ոլորտում։ Այդ մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դրա վառ ապացույցը Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին համատեղ հայտարարության և նախորդ շաբաթ Բրյուսելում կայացած կապակցվածության օրակարգի հարթակի նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ-ի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև համապատասխանաբար ՎԶԵԲ-ի և Եվրոպական ներդրումային բանկի միջև Հայաստանի սահմանային երեք անցակետի և հյուսիսային երկու ավտոճանապարհի իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ մտադրությունների հայտարարության և հաստատման նամակի ստորագրումն է»,- նշեց նա։

«Էներգետիկայի ոլորտում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է էներգիայի կուտակման կայանքների կառուցումը, որը հնարավորություն կընձեռի արդյունավետորեն կուտակել Հայաստանի վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից ստացվող էներգիան։ Գործընկերոջս հետ քննարկել ենք այս հարցում ԵՄ աջակցության հաստատման և հատկացման հարցը»,- ասաց Փաշինյանը։

««Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի կյանքի կոչման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ներառական ապաշրջափակման համատեքստում, տրանսպորտային կապակցվածության խթանմանը զուգահեռ, կարևորում եմ նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնումը, այդ թվում՝ հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումը, ինչը կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգությանը, այնպես էլ կանաչ անցմանը»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանը շահագրգռված է ԵՄ-ի հետ առավել սերտ համագործակցել նաև թվային, մասնավորապես արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում՝ միաժամանակ ձևավորելով այնպիսի միջավայր, որը կնպաստի ԵՄ մասնավոր ներդրումների աճին։ «Այս առնչությամբ կարևորում եմ նաև Հայաստանի մասնակցությունը Սևծովյան ստորջրյա էլեկտրաէներգետիկ և թվային մալուխի ծրագրերին»,- նշեց նա։

«Մեծարգո տիկին նախագահ, սիրելի Ուրսուլա, թույլ տվեք ևս մեկ անգամ Ձեզ հայտնել երախտագիտությունս սերտ գործընկերության և Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ու տնտեսական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և ի նպաստ Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը։