Ռուբեն Ռուբինյանն ամենալավ թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել ԱԺ-ում. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ իրեն ԱԺ նախագահի պաշտոնում փոխարինելու լավագույն թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է, որն էլ օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից ընտրվել է որպես հաջորդ խորհրդարանում ԱԺ նախագահի թեկնածու։

Ալեն Սիմոնյանն այդ մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Ռուբեն Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Ես հաջողություն եմ մաղթում նրան։ Նա իմ ընկերն է, և ես նրան  շարունակում եմ համարել իմ ընկերը։ Շատ ուրախ եմ, որ աշխատել եմ նրա հետ։ Մաղթում եմ, որ նա լինի Ազգային ժողովի երկրորդ նախագահը, որը իր ժամկետը մինչև վերջ կպաշտոնավարի»,- ասել է Սիմոնյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հունիսի 25-ին փակ քվեարկությամբ նոր ձևավորվելիք խորհրդարանի ղեկավարի պաշտոնի թեկնածու է ընտրել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։ Թեկնածուների թվում էին նաև ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։