Հաստատվել է ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը՝ Ռոսսելխոզնադզորի կողմից բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների նկատմամբ կիրառված արտահանման սահմանափակումների արդյունքում ջերմատնային տնտեսությունների կրած ֆինանսական կորուստները մեղմելու համար։ Հիմնավորման համաձայն, ջերմատնային տնտեսությունների գործունեությունը և դրանց զարգացումը կարևոր նշանակություն ունի բուսաբուծության ոլորտի համար և ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է աջակցել դրանց արտադրական գործունեության անխափան իրականացմանը՝ վարկային ռեսուրսների ներգրավման միջոցով։
Ըստ այդմ՝ ծրագրից կարող են օգտվել 1 հա և ավելի մակերեսով ջերմատնային տնտեսություն տնօրինող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, ովքեր 2026 թ. ընթացքում արտադրել և իրացրել են գյուղատնտեսական արտադրանք։ Շահառուն կարող է դիմել ֆինանսական կառույցին մինչև 2026 թ. սեպտեմբերի 1-ը՝ ծրագրի պահանջներին համապատասխան վարկեր ներգրավելու համար։ Աջակցությունը տրամադրվում է ֆինանսական կառույցների կողմից շահառուներին տրամադրված նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով: Վարկային միջոցները պետք է ծախսվեն անկանխիկ՝ հետևյալ ուղղություններով՝ սպառված գազի, էլեկտրաէներգիայի և ջրի գծով վճարներ, պետական կամ համայնքի բյուջե հարկեր և պարտադիր վճարումներ, աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ, պարարտանյութերի, սերմերի, սածիլների ձեռքբերման (ձեռքբերումը պետք է իրականացվի ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպություններից) վճարումներ։ Վարկը տրամադրվում է տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի 12 տոկոս տոկոսային կետով։ Վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 18 ամիս։ Վարկի մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսագումարի համար վարկի տրամադրման օրվանից հաշված պարտադիր սահմանվում է արտոնյալ ժամկետ 12 ամիս տևողությամբ (վարկի մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսագումարի առաջին վճարումը կիրականացվի 12 ամիս հետո)։ Յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար առավելագույն վարկի սահմանաչափը կազմում է ոչ ավելի քան 100 մլն դրամ գումարը։
Վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից: Վարկի ներգրավման գործընթացը նախաձեռնում է շահառուն, որն այդ նպատակով դիմում է ֆինանսական կառույցին՝ դիմումին կցելով 2026 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք, ջերմատնային տնտեսության անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև համաձայնություն՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ այլ պետական մարմնին փոխանցելու մասին: Յուրաքանչյուր շահառու ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ։