Կառավարությունն առաջարկում է սահմանել առաջիկա երեք տարիների ակցիզային հարկի դրույքաչափերը

Ավանդույթ է դարձել, որ Կառավարությունն ակցիզային հարկով հարկվող ապրանքների արտադրողների, ներմուծողների և սպառողների համար կանխատեսելի հարկային միջավայր ապահովելու նպատակով առաջարկում է սահմանել ակցիզային հարկի դրույքաչափեր առաջիկա երեք տարիների համար: Այս համատեքստում, ընթացիկ եռամյա ժամանակահատվածն ավարտվում է 2026 թվականի տարեվերջին, և հետևաբար, Կառավարությունն առաջարկում է օրենքով ամրագրել 2027-2029 թվականների ակցիզային հարկի դրույքաչափերը: Զուգահեռաբար, երեք կարևոր ուղղություններով լուծվում են խնդիրներ, որոնք նույնպես կապված են ակցիզային հարկի քաղաքականության հետ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Առաջին ուղղությամբ առաջարկվում է զգալիորեն նվազեցնել ակցիզային հարկի դրույքաչափը երկու տեսակի ապրանքների համար: Դրանցից մեկը տեղական և ներմուծվող կոնյակն է: Հայկական կոնյակի ակցիզային հարկի նվազեցմամբ նպատակ ունենք նաև նպաստավոր գործարար միջավայր ձևավորել խաղողագործությամբ զբաղվող մեր գյուղացիական տնտեսությունների համար, քանի որ դրա շնորհիվ էապես ընդլայնվում են տեղական հումքի իրացման հնարավորությունները»,- ասել է Արման Պողոսյանը:

Երկրորդ ուղղությամբ առաջարկվում է նվազեցնել մրգային և հատապտղային օղիների ակցիզային հարկի դրույքաչափը:

Երրորդ ուղղությունն առավելապես առնչվում է ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերին: Որպես Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանն ապահովում է դրույքաչափերի ներդաշնակեցում անդամ մյուս պետությունների հետ: Այս համատեքստում, հաշվի առնելով, որ հատկապես տեխնոլոգիական ծխախոտային արտադրատեսակները Հայաստանում հարկվում են ցածր դրույքաչափերով, առաջարկվում է դրանց հարկման զգալի աճ: Հիմնական զեկուցողը նշել է, որ սա միտված է նաև վնասակար սպառման կրճատմանը, քանի որ այս ապրանքատեսակները մեր օրերում ակտիվ մարկետինգի միջոցով լայնորեն տարածվում են դեռահասների շրջանում: Իսկ ինչ վերաբերում է ավանդական ծխախոտային արտադրանքին, ապա, այդ պարագայում, առաջարկվում են ավելի համեստ աճի տեմպեր:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ Կառավարությանն առաջարկել է որոշակիորեն նվազեցնել նախատեսվող դրույքաչափերը, մասնավորապես՝ ծխախոտային արտադրանքի մասով: Կառավարությունը հիմնականում ընդունել է այդ առաջարկները, և համապատասխան փոփոխությունները կկատարվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: