ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելը ծրագրել է Իրանի բանակցողների uպանnւթյnւնը. NYT
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները կարծում են, որ Իսրայելը կարող էր ծրագրեր կազմել Իրանի բանակցողների սպանության համար, մասնավորապես՝ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի և Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի։ Այս մասին հայտնում է The New York Times թերթը։
Ըստ թերթի տեղեկությունների՝ Վաշինգտոնը Իրանի հետ բանակցությունների սկզբում պարզել է, որ առնվազն Ղալիբաֆը գտնվում է հրեական պետության թիրախների ցուցակում, և խնդրել է իսրայելական իշխանություններին զերծ մնալ նրա դեմ մահափորձերից։ Վաշինգտոնի նման կասկածները, ըստ հրատարակության, վկայում են այն մասին, թե որքան են տարբերվել ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակները Իրանի դեմ ռազմական գործողության սկզբից ի վեր։
Իրանի ներկայացուցիչները, պնդում է հրատարակությունը, ԱՄՆ-ի հետ Պակիստանի Իսլամաբադում բանակցություններից առաջ Վաշինգտոնից երաշխիքներ են պահանջել, որ Իսրայելը գաղտնի գործողություններ չի իրականացնի։
Ընդ որում, Պակիստանից Իրան ճանապարհին Իրանի անվտանգության ծառայությունները պարզել են, որ Իսրայելը մտադիր է հարձակվել այն ինքնաթիռի վրա, որում գտնվում էր Մեջլիսի նախագահը. դրա համար Իրաքի կողմից Իրանի օդային տարածք են մտել երկու իսրայելական կործանիչ։ Այդ կապակցությամբ Ղալիբաֆին տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել մոտակա օդանավակայանում, և բանակցողների թիմը մինչև Թեհրան հասել է ցամաքային ճանապարհով։