ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չեմ լինի Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ. Ռուբինյան

Այսօր ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանից լրագրողները հետաքրքրվեցին Ազգային ժողովում հնարավոր կադրային փոփոխությունների վերաբերյալ՝ մասնավորապես աշխատակազմին առնչվող, ինչին ի պատասխան՝ Ռուբինյանը նշեց՝ այդ մասին խոսելը պատեհ չի համարում:

Ճշտող հարցին՝ արդյոք նա ազդակներ չի՞ ուղղել ԱԺ որևէ պաշտոնյայի, որ կարող են ճամպրուկները հավաքել, ընդգծեց՝ եթե նման բան աներ, դա կլիներ ժամանակավրեպ:

«ՔՊ վարչությունը որոշել է առաջադրել իմ թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում: Այս պահին կա գործող ԱԺ նախագահ, կա գործող աշխատակազմ»,- հայտարարեց Ռուբինյանը:   

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե նրա ընտրվելու մեջ «խառն է Թուրքիայի մատը», մասնավորապես խոսքը վերաբերում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի շնորհավորանքին, ԱԺ նախագահի տեղակալը զարմանք հայտնեց՝ իսկ ինչու չպետք է շնորհավորեր:

«Նույն ձև ես ստացել եմ շնորհավորանքներ, օրինակ՝ Ռուսաստանից և այլ տեղերից, կամ, ասենք, ընտրությունների գիշերը Վրաստանի վարչապետը շնորհավորեց վարչապետ Փաշինյանին; Ի՞նչ, Վրաստանի վարչապետի հրահանգո՞վ է վարչապետ Փաշինյանը հաղթել ընտրություններում»,- ասաց Ռուբինյանը:

Լրագրողների ճշտող հարցին՝ ով է նրան ՌԴ-ից շնորհավորել, պատասխանեց՝ իր գործընկերը:

«Այդ ապուշությունները իհարկե, կարելի է ասել, բայց դրանք պետք է հիմք ունենան: Էս նույն խոսակցությունները ուղիղ 5 տարի առաջ են եղել, երբ Սերժ Սարգսյանի խմբակցությունից եկան, այդ հարցերը սկսեցին տալ: Որտեղ է Սերժ Սարգսյանի խմբակցությունը: Ոչ մի տեղ քաղաքականապես: Նույնն էլ սպասվում է «Ուժեղ Հայաստան»-ին, եթե իրենք որոշեն գնալ այդ նույն ճանապարհով»,- նշեց Ռուբինյանը:   

Նա տեղեկացրեց՝ քանի որ ԱԺ նախագահի թեկնածու է, նախագահ ընտրվելու դեպքում ինքն ակնհայտորեն չի շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինելը:

«Հետևաբար, իրենց կոնսպիրոլոգիայի մի 90 տոկոսը միագամից փլվում է, որ ինձ ընտրելու են ԱԺ նախագահ, որպեսզի Ազգային ժողովի նախագահը բանակցի Թուրքիայի հետ: Բացի այդ՝ դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի ժողովրդի նկատմամբ, որովհետև Հայաստանում բոլոր պաշտոնները միջնորդավորված, բայց ընտրվում են Հայաստանի ժողովրդի կողմից: Հայաստանի ժողովուրդն է, օրինակ՝ վարչապետ Փաշինյանին ընտրել վարչապետ՝ ընտրելով «Քաղաքացիական պայմանագրին»: Հայաստանի ժողովուրդն էր, որ պարոն Ալեն Սիմոնյանին 2021 թվականին ընտրել է ԱԺ նախագահ՝ միջնորդավորված, որովհետև ընտրել է ՔՊ-ին, ՔՊ-ն էլ՝ պարոն Սիմոնյանին:

Հիմա Հայաստանի ժողովուրդն է, որ լիազորել է ՔՊ-ին՝ ինձ ընտրել որպես թեկնածու, եթե Ազգային ժողովն էլ ընտրի, կդառնամ ԱԺ նախագահ»,- հայտարարեց նա:

Լրագրողների ճշտող հարցին՝ ով է իրեն փոխարինելու, Ռուբինյանն ասաց՝ որքան տեղյակ է, դեռ չկա, բայց, բնականաբար, վարչապետը և կառավարությունը կորոշեն: