ACSES.Գործող ռուսական սահմանափակումների հնարավոր ազդեցությունը ՀՀ արտահանման վրա, 2026

Ռուսաստանը մայիսից սահմանափակումներ է կիրառել հայկական ծագման և Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքների նկատմամբ։ Եթե այս սահմանափակումները շարունակվեն մինչև տարեվերջ, այլ հավասար պայմաններում, հնարավոր կորուստները Հայաստանի արտահանման համար կարող է լինել շուրջ 260 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը համարժեք է 2025թ-ի ՀՀ ՀՆԱ-ի 0.9%-ին և 2025թ-ի Հայաստանի ամբողջ ապրանքային արտահանման (ներառյալ վերաարտահանումները) 3.1%-ին։ Այս մասին գրում է ACSES վերլուծական կենտրոնը: 
Հրապարակման համաձայն, ամենայն հավանականությամբ, ռուսական շուկա պոտենցիալ արտահանման 260 մլն դոլարի հնարավոր կորուստների մի մասը կկլանվի ներքին շուկայում սպառման ավելացման և այլընտրանքային շուկաներ արտահանման միջոցով, հետևաբար իրական ազդեցությունը և՛ արտահանման, և՛ ՀՆԱ-ի վրա շատ ավելի սահմանափակ կլինի։
Հարկ է նշել, որ Ռուսաստանի սահմանափակումները վերաբերում են ոչ միայն ռուսական շուկա կարանտինային վերահսկողության ենթակա ապրանքների ներմուծմանը, այլև Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ այլ երկրներ իրականացվող տարանցիկ արտահանմանը։ Նշված ապրանքների՝ ԵԱՏՄ մյուս անդամ երկրների ուղղությամբ արտահանման հնարավոր կորուստը գնահատվում է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար։
Հարկ է նշել, որ մայիսին Ռուսաստանը արգելափակել է Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը՝ այդ որոշումը հիմնավորելով հանքային ջրի բաղադրության մեջ հիդրոկարբոնատների թույլատրելի մակարդակի գերազանցմամբ։ Ինչպես նաև արգելվել է հայկական երեք ընկերությունների արտադրած կոնյակի և գինիների վաճառքը ռուսական շուկայում։ Այս ապրանքների արտահանումը ներառված չէ մեր գնահատակաների մեջ։
Հունիսին Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել Հայաստանից ներմուծվող ողջ ձկնային արտադրանքի նկատմամբ՝ դադարեցնելով դրա հավաստագրումը և, այդպիսով, փաստացի ամբողջությամբ կասեցնելով հայկական ձկնային արտադրանքի ներմուծումը։ Հունիսի 12-ից Ռուսաստանը նաև սահմանափակել է հայկական ծագման և Հայաստանից արտահանվող՝ կարանտինային վերահսկողության ենթակա ամբողջ արտադրանքի ներմուծումը։
Մեթոդաբանական պարզաբանում՝ գնահատումն իրականացվել է՝ հիմք ընդունելով 2025թ-ի հունիս–դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ից ՌԴ նշված ապրանքների արտահանման ծավալները, ծաղիկների դեպքում՝ մայիս–դեկտեմբեր ամիսների արտահանման տվյալները։