Մետրոպոլիտենի արդիականացման պրոցեսում կանգեր ենք ունենալու. Տիգրան Ավինյան

Մետրոպոլիտենի արդիականացման ծրագիրը ենթադրում է ամբողջ ենթակառուցվածքի համալիր վերազինում՝ սկսած ռելսերից ու վագոններից մինչև անվակառքեր և մյուս տեխնիկական բաղադրիչները։

Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Այն, ինչը տասնամյակներով չէր արվել, այս ծրագրով իրականացվելու է։ Կառավարությունն արդեն ֆինանսական հանձնառություն է ստանձնել, որը հաստատվել է ներդրումային կոմիտեում»,- ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը հաստատել է նաև Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսական հանձնառությունը։

Երրորդ խոշոր ծրագիրը վերաբերում է էլեկտրական ավտոբուսների ձեռքբերմանը, դեպոների վերազինմանը և Դալմայի այգիներում նախատեսվող շուրջ 250 հեկտար տարածքի զարգացման ծրագրին։ Ավինյանի խոսքով՝ այս ծրագրերի ընդհանուր ֆինանսական հանձնառությունը կազմում է շուրջ 650 միլիոն դոլար։

«Դրանք երկարաժամկետ ծրագրեր են և իրականացվելու են փուլային տարբերակով, սակայն արդեն մոտենում ենք բուն իրականացման փուլին»,- նշեց նա։ Քաղաքապետի խոսքով՝ ծրագրերի մեկնարկն արդեն տրված է, իսկ իրականացման արագությունը մեծապես կախված կլինի վերջնական ֆինանսավորման աղբյուրից։

«Եթե, օրինակ, Աջափնյակի մետրոյի կայարանը ֆինանսավորվի պետական բյուջեի միջոցներով, ընթացակարգն ավելի արագ կլինի։ Եթե ներգրավվեն միջազգային ֆինանսական գործընկերներ, գործընթացը կարող է մի փոքր ավելի երկար տևել։ Սակայն, բոլոր դեպքերում 2027 թվականին արդեն տեսնելու ենք փաստացի գործուն աշխատանքներ»,- ասաց Ավինյանը։

Անդրադառնալով մետրոպոլիտենի ռելսերի փոխարինմանը՝ քաղաքապետը նշեց, որ ամբողջությամբ առանց կանգերի աշխատանքներ իրականացնել հնարավոր չի լինի։

«Պետք է գիտակցենք, որ արդիականացման պրոցեսում մետրոպոլիտենում մենք ունենալու ենք որոշակի ժամանակներով կանգեր և դադարներ, բայց աշխատանքներն այնպես են կազմակերպվելու, որ բուն մետրոպոլիտենի աշխատանքը կանգնեցնող պրոցեսները իրականացվեն ամենաարագ ռեժիմով»,- ասաց Տիգրան Ավինյանը։