Ալիևը բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում Թրամփի հատուկ դերակատարումը
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչները մեկնել են Բաքու: Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ և Եվրոպայի ու տարածաշրջանային անվտանգության գործակցության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ սենատոր Սթիվ Դեյնսի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի նախագահը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են: Կապերը հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչը, Ալիևի համոզմամբ, կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար։
Ադրբեջանի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ԱՄՆ նախագահի հատուկ դերակատարումը:
Սթիվ Դեյնսն էլ ընդգծել է, որ 2025-ի օգոստոսին Ալիևի այցը Վաշինգտոն նշանակալի իրադարձություն էր։ Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ամերիկացի պաշտոնյան շեշտել է Ադրբեջանի աշխարհաքաղաքական դերը: Նա բարձր է գնահատել Հայաստան-Ադրբեջան կարգավորման և խաղաղության գործընթացները։ Նաև ընդգծվել է TRIPP նախագծի կարևորությունը:
Դեյնսին ընդունել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկայիլ Ջաբարովը և SOCAR-ի նախագահը: Քննարկվել են ներդրումների, էներգետիկայի, հանքանյութերի, արդյունաբերության և այլ ոլորտներում գործակցության ընդլայնման հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային առևտրի, տարածաշրջանային կապայցվածության և տնտեսական ինտեգրման ամրապնդման գործում Միջին միջանցքի դերին։