Մասնագետները չեն հաստատել լուրերը, թե Ադրբեջանի տարածքն օգտագործվել է Իրանի դեմ. դեսպան

Իրանի ռազմական և անվտանգության ոլորտի մասնագետները չեն հաստատել այն տեղեկությունները, թե Ադրբեջանը տրամադրել է իր տարածքը ԱՄՆ-ին՝ Իրանին հարվածներ հասցնելու համար։ Այսօր իրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
 
Դեսպանը նշեց՝ իրենք ևս Իրանում ոչ պաշտոնական կարծիքներ ու քննարկումներ են տեսել, սակայն դրանք չեն հաստատվել։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ կլիներ, եթե Ադրբեջանի տարածքն օգտագործվեր Իրանին հարվածելու համար, Շիրղոլամին պատասխանեց, որ դա ակնհայտ է:
 
«Չկա ավելի ուժեղ ու մեծ երկիր, քան ԱՄՆ-ն, բայց նույնիսկ այդ դեպքում բոլոր այն երկրներին, որտեղից ամերիկյան բազաներից հարվածներ են հասցվել, Իրանը համապատասխան պատասխան է տվել։ Հարվածներ են հասցվել Քուվեյթում, Հորդանանում, Բահրեյնում, Կատարում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ - ում տեղակայված բազաներին»,- ասաց դեսպանը։
 
Նրա խոսքով՝ Իրանը ձգտում էր, որպեսզի Հարավային Կովկասը նվազագույն չափով զգա վերջին պատերազմի հետևանքները:
 
Շիրղոլամին ուշադրություն հրավիրեց Նախիջևանի օդանավակայանում տեղի ունեցած «կասկածելի միջադեպին» և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` դրան հաջորդած «հռետորաբանության որոշակի սահմաններ հատող» կոշտ հայտարարությանը:
Այդ հայտարարությանը, ըստ նրա, Իրանը պատասխանեց բավականին զուսպ և հավասարակշռված։ Եվ հարցը լուծվեց դիվանագիտական խողովակներով, իսկ Թեհրանը Բաքվին հայտնեց, որ նման վարքագիծն անընդունելի է։
Հիշեցնենք՝ մարտի 5-ին Ադրբեջանի Նախիջևանի օդանավակայանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարքեր են ընկել: Դրոններից մեկը բախվել է օդանավակայանի տերմինալին, մյուսն ընկել է դպրոցի մոտ։ Իշխանությունների տվյալներով՝ տուժել է առնվազն չորս մարդ։
Ալիևը հայտարարել է բանակը լիարժեք մարտական պատրաստության ռեժիմի բերելու մասին։ Բաքուն Թեհրանին մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ և Իրանի դեսպանին կանչել է բացատրությունների համար: Միաժամանակ Ալիևը նշել է, որ Բաքուն չի պատրաստվում պատերազմի մեջ մտնել Իրանի հետ: Իրանի ԱԳՆ–ն հերքել է Թեհրանի մասնակցությունն այդ միջադեպին։