Բիզնեսի հաջողությունն ու բնության պահպանումը՝ մեկ նպատակի շուրջ. մեկնարկել է WWF Հայաստանի բիզնես ակումբը․ «Էկոսֆերա»
Սոցիալական պատասխանատվություն, այլ ոչ թե պարտադրանք. բիզնեսը հնարավոր է զարգացնել՝ պահպանելով բնությունը։ Ասել է թե՝ բիզնեսի կայունությունը մեր օրերում ուղղակի կամ անուղղակի կապված է շրջակա միջավայրի, նաև բնության հետ ներդաշնակ ապրելու կարողությունից։ Իսկ այդ կարողությունները զարգացնելու համար WWF Հայաստանն ազդարարեց բիզնես ակումբի մեկնարկի մասին։
Ինչ դեր է ունենալու WWF Հայաստանը, այսպես ասած, բիզնեսը բնությանը կապելու ճանապարհին, Նիազյանը պատասխանում է․ «Բնության համաշխարհային հիմնադրամը փորձելու է ունենալ կոորդինացիոն, ուղղորդման դերակատարություն, ինչպես նաև փորձառությամբ կիսվելու դերակատարություն բիզնեսի հետ։ Այսօր շատ բիզնեսներ ուզում են դարձնել իրենց գործառույթն ավելի կայուն, ավելի մոտ բնությանը, ինչպես նաև իրենց նեգատիվ հետքը բնության վրա մինիմալին հասցնել»։
Արդյոք բիզնես ոլորտի ներկայացուցիչները հետաքրքրված են բնության պահպանությամբ. Միջազգային առևտրի պալատի (ICC) հայաստանյան կոմիտեի ներկայացուցիչ, «Ձեռնարկատիրության և ՓՄՁ» հանձնաժողովի նախագահ Արմեն Ղուկասյանն այն համոզմանն է, որ հեռատեսություն ունեցող կազմակերպություններն անշուշտ հետաքրքրված են։
Կայունությունը երկարատև բիզնես ունենալու գրավականն է։ Միևնույն ժամանակ բիզնեսը չի կարող անմասն մնալ փոփոխվող միջավայրից։
Մեկնարկային միջոցառումը համախմբեց ավելի քան 100 ընկերությունների ներկայացուցիչների, որոնք ծանոթացան WWF Հայաստանի բիզնես ակումբին։ «Էկո Սիսթեմ» ընկերության տնօրեն Լևոն Գաբրիելյանն ակումբի ստեղծման մասին լուրը կարդացել է համացանցում և, ինչպես Գաբրիելյանն է նշում, առանց վարանելու միացել է ակումբին։
«Բիզնես, բնություն և մրցունակություն» պանելային քննարկման ընթացքում էլ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն) Լուսինե Գևորգյանը ներկայացրեց, որ ընդունվել է զբոսաշրջության ռազմավարական փաստաթուղթը, որով Հայաստանը դիրքավորվել է որպես կայուն զբոսաշրջության երկիր։
Հայաստանը չի կարող հետ մնալ գլոբալ փոփոխություններից և պետք է հասցնի զարգացումներին համընթաց քայլել։ Իսկ գլոբալ փոփոխությունների հիմքում կանաչ, շրջանաձև տնտեսությունների գաղափարն է։ Այս մոտեցումը օգնում է բիզնեսին ապրել բնության հետ ներդաշնակ։
WWF Հայաստանի բիզնես ակումբը համայնք է, որտեղ ձևավորվում են գործընկերություններ, ծնվում են նոր գաղափարներ և ամրապնդվում է այն համոզմունքը, որ Հայաստանի տնտեսական հաջողությունն ու բնության պահպանումը կարող են և պետք է առաջ շարժվեն միասին։