Իրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան օբյեկտները թիրախավորելու մասին
Իրանի զինված ուժերը Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան օբյեկտներ է թիրախավորել՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի հարավային ափին և արևելյան շրջաններին հասցված հարվածներից հետո, տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Իրանական լրատվամիջոցները ավելի ուշ հայտնել են Իրանի հարավում մի քանի պայթյունների մասին։ Պայթյուններ են լսվել նաև Բուշերում, որտեղ գտնվում է ատոմակայանը, և նավահանգստային Բանդար Աբբասում։
Reuters-ը, սակայն, գրում է, որ ամերիկացի պաշտոնյան հերքել է ԱՄՆ-ի մասնակցությունը՝ ասելով, թե ամերիկյան զինուժը «վերջին ժամերին» իրանական թիրախների չի հարվածել։
Սրված իրադրության ֆոնին՝ Մաշհադի սրբավայրում իրանցիները հրաժեշտ են տվել և հուղարկավորել ամերիկա-իսրայելական համատեղ պատերազմի ժամանակ սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։ Իրանցիների առաջնորդի պաշտոնում նրան փոխարինած որդին՝ Մոջթաբան, որը ապրիլին պաշտոնն ստանձնելուց ի վեր չի երևացել հանրության առջև, չի մասնակցել նաև Խամենեիի հիշատակի հրապարակային միջոցառումենրին։
ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական լարվածության նոր փուլը սկսվեց հուլիսի 7-ին։ Նախօրեին ԱՄՆ-ն 90 իրանական ռազմական օբյեկտ թիրախավորեց, որը, ըստ իրանական կողմի, 14 մարդու կյանք խլեց։ Վաշինգտոնը Թեհրանին մեղադրում է համաշխարհային մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ հարձակումների համար։ Իրանի պատասխան հարվածների թիրախում Քուվեյթում, Բահրեյնում և Կատարում տեղակայված ամերիկյան օբյեկտներն էին։
Չնայած պահպանվող լարվածությանը, նավթի շուկայում գները նվազել են։ Brent նավթատեսակը 2.2 տոկոսով էժանացել է։ Մեկ բարելը 76.30 դոլարի դիմաց է վաճառվում։ Մատակարարումների վրա վերսկսված բախումների հնարավոր ազդեցությունների պատճառով նախօրեին շուկայում թանկացում էր գրանցվել։