Անտառային հրդեհների վտանգը՝ ուշադրության կենտրոնում․ Շիրակում համակարգում են բոլոր ծառայությունների աշխատանքը
Անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման շրջանակներում ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի մոտ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության, «Հայանտառ» ՊՈԱԿ Գյումրու անտառտնտեսության մասնաճյուղի, Էկոպարեկային ծառայության Շիրակի և Արագածոտնի մարզային վարչության պատասխանատուները։
Քննարկվել են մարզում անտառային հրդեհների կանխարգելմանը, անհրաժեշտության դեպքում արագ արձագանքման ուղղությամբ աշխատանքների իրականացմանը, համայնքների և համապատասխան ծառայությունների համաձայնեցված գործողությունների ապահովմանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է նաև ազգաբնակչության զգոնությունն ու գիտակցված վարվելականոնների պահպանումը, որոնք էականորեն կնվազեցնեն հնարավոր հրդեհների առաջացումն ու բացասական հետևանքները։
Խորհրդակցության մասնակիցները պայմանավորվել են ակտիվորեն համագործակցել, ըստ անհրաժեշտության փոխանակել համապատասխան տեղեկատվություն և միասնական ուժերով վերահսկել ու կանխարգելել հնարավոր հրդեհների առաջացումն ու տարածումը։