Կիբեռոստիկանությունը հորդորում է՝ զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
Կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից:
«Վերջին շրջանում արձանագրվում են հափշտակության դեպքեր, երբ Facebook և Instagram սոցիալական հարթակներում Telcell Wallet-ի անունից տարածվում են կեղծ գովազդներ՝ քաղաքացիներին առաջարկելով օգտվել Երևան քաղաքի տրանսպորտից մեկ ամիս անվճար։
Գովազդների հղումներով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդի տրամադրման արդյունքում հանցավորները հասանելիություն են ստանում Telcell Wallet-ի հաշվին, ինչից հետո հնարավորություն են ստանում հափշտակել ինչպես Telcell Wallet դրամապանակում առկա գումարները, այնպես էլ դրան կցված բանկային քարտերում առկա ֆինանսական միջոցները։
Հորդորում ենք՝
• չանցնել սոցիալական ցանցերում տարածվող կասկածելի հղումներով, նույնիսկ եթե դրանք ներկայացվում են հայտնի կազմակերպությունների անունից,
• չտրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված հաստատման կոդերը, գաղտնաբառերը կամ այլ գաղտնի տվյալներ,
• Telcell Wallet-ի հետ կապված գործողություններ կատարել միայն պաշտոնական հավելվածի միջոցով։
Հիշե՛ք՝ խարդախները հաճախ օգտագործում են գրավիչ առաջարկներ, անվճար ծառայությունների կամ ակցիաների խոստումներ՝ քաղաքացիներին մոլորեցնելու և նրանց ֆինանսական միջոցներին հասանելիություն ստանալու նպատակով»,-նշված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: