Հայաստանն ու Ալբանիան քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնումը
Ալբանիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարար Էրլինդ Սուլոի հետ։
Կողմերը քննարկել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ անդրադառնալով փոխադարձ այցելությունների, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին։
«Ալբանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) հանդիպել է Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարար Էրլինդ Սուլոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ալբանիա համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով էներգետիկայի ոլորտին։
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության առաջնահերթությունները ատոմային, հիդրո, արևային և հողմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ՝ ընդգծելով էներգետիկ անվտանգության կարևորությունը երկրի ազգային անվտանգության համակարգում։
Դեսպանն առաջարկել է նախաձեռնել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև փոխադարձ այցելություններ և քննարկել էներգետիկայի ոլորտում երկկողմ հարաբերություններին իրավապայմանագրային բնույթ հաղորդելու հնարավորությունը։
Փոխնախարար Սուլոն բարձր է գնահատել համագործակցության առկա ներուժը՝ պատրաստակամություն հայտնելով խթանել երկու երկրների միջև գործնական համագործակցությունը, այդ թվում՝ փոխադարձ այցելությունների, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։ Նա նաև հետքրքրություն է արտահայտել Հայաստան այցելելու և գործընկերություն ձևավորելու հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ: