Fitch-ը լավատես է Հայաստանի նկատմամբ․ Ամուլսարը՝ տնտեսական աճի նոր աղբյուր
Հայաստանի նկատմամբ միջազգային վստահությունը պահպանվում է, սակայն տնտեսական աճի հաջորդ փուլը կախված կլինի ոչ միայն ներքին բարեփոխումներից, այլև աշխարհաքաղաքական զարգացումներից։ Այս եզրակացությունն է բխում միջազգային հեղինակավոր Fitch Ratings վարկանիշային գործակալության նոր գնահատականից, որով Հայաստանը պահպանել է «BB-» սուվերեն վարկանիշը՝ դրական կանխատեսմամբ։
Առաջին հայացքից գնահատականը կարելի է համարել հերթական վարկանիշային որոշում, սակայն դրա խորքում կան մի քանի կարևոր ուղերձներ, որոնք վերաբերում են Հայաստանի տնտեսական աճին, պետական ֆինանսներին, արտաքին ռիսկերին և ներդրումային հեռանկարներին։
Ի՞նչ է նշանակում «BB-» վարկանիշը
Fitch-ի գնահատմամբ՝ Հայաստանը շարունակում է պահպանել մակրոտնտեսական կայունությունը, իսկ երկրի ֆինանսական դիրքերը վերջին տարիներին զգալիորեն ամրապնդվել են։
Դրական կանխատեսումը նշանակում է, որ առաջիկայում վարկանիշի բարձրացման հավանականությունը պահպանվում է, եթե երկիրը շարունակի տնտեսական աճը, պահպանի պետական ֆինանսների կայունությունը և նվազեցնի աշխարհաքաղաքական ռիսկերը։
Վարկանիշային գործակալությունը հատկապես առանձնացնում է երեք հիմնական գործոն.
- միջազգային պահուստների պատմական բարձր մակարդակը,
- պետական պարտքի կառավարելի ցուցանիշները,
- վերջին տարիներին արձանագրված կայուն տնտեսական աճը։
Աճը կշարունակվի, բայց ավելի չափավոր տեմպերով
Եթե 2025 թվականին Հայաստանի տնտեսությունն աճել է 7,1 տոկոսով, ապա Fitch-ը կանխատեսում է, որ 2026 թվականին աճը կդանդաղի մինչև 5,2 տոկոս։
Թեև սա նախորդ տարվա համեմատ ավելի ցածր ցուցանիշ է, այն շարունակում է զգալիորեն գերազանցել նույն վարկանիշային խմբի երկրների միջին տնտեսական աճը, որը կազմում է ընդամենը 2,9 տոկոս։
Գործակալության գնահատմամբ՝ տնտեսական ակտիվությունը կշարունակի ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ներդրումային ծրագրերը և ներքին պահանջարկը։
Խաղաղությունը կարող է դառնալ տնտեսական գործոն
Fitch-ի զեկույցի ամենաուշագրավ հատվածներից մեկը վերաբերում է ոչ թե ֆինանսներին, այլ աշխարհաքաղաքականությանը։
Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ ձևավորված խաղաղության գործընթացը նվազեցրել է Ադրբեջանի հետ ռազմական լայնամասշտաբ բախման ռիսկը, ինչը բարելավում է Հայաստանի ներդրումային միջավայրը։
Միաժամանակ Fitch-ը զգուշացնում է, որ խաղաղության գործընթացի վերջնական արդյունքի շուրջ անորոշությունը պահպանվում է, հատկապես, եթե սահմանադրական փոփոխությունների հարցը տեղափոխվի հանրաքվեի փուլ։
Մյուս կարևոր ռիսկը շարունակում են մնալ Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է, բնական գազի գլխավոր մատակարարը և արտահանման խոշոր շուկան։ Հետևաբար, երկու երկրների հարաբերություններում ցանկացած լարվածություն կարող է անմիջական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։
Գնաճը վերահսկելի է, բայց արտաքին վտանգները պահպանվում են
Fitch-ը կանխատեսում է, որ 2026 թվականին միջին գնաճը կկազմի 4,4 տոկոս, իսկ ավելի ուշ կրկին կմոտենա Կենտրոնական բանկի 3 տոկոսի նպատակային ցուցանիշին։
Սակայն գնաճի հիմնական ռիսկերը, ըստ գործակալության, գալիս են ոչ թե Հայաստանի ներսից, այլ արտաքին շուկաներից։
Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը, էներգակիրների թանկացումը և համաշխարհային տնտեսական անորոշությունը կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան երկրի ներսում իրականացվող տնտեսական քաղաքականությունը։
Պետական պարտքը շարունակում է մնալ վերահսկելի
Fitch-ի գնահատմամբ՝ Հայաստանի պետական պարտքը շարունակում է մնալ միջազգային չափանիշներով բավականին անվտանգ մակարդակում։
2025 թվականի վերջին այն կազմել է ՀՆԱ-ի 47,2 տոկոսը, ինչը նույնիսկ ցածր է «BB» վարկանիշ ունեցող երկրների միջին ցուցանիշից։
Միաժամանակ գործակալությունը կանխատեսում է, որ առաջիկա տարիներին պարտքի հարաբերակցությունը էապես չի փոխվի, քանի որ տնտեսական աճը կփոխհատուցի բյուջեի պակասուրդը։
Հայաստանի արտաքին «բարձիկը» շարունակում է մեծանալ
Վերջին տարիների ամենադրական փոփոխություններից մեկը միջազգային պահուստների աճն է։ 2026 թվականի մայիսի վերջի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 5,9 մլրդ դոլարի։
Սա, ըստ Fitch-ի, լրացուցիչ պաշտպանություն է ստեղծում արտաքին հնարավոր ցնցումների դեպքում և բարձրացնում երկրի ֆինանսական դիմադրողականությունը։
Ամուլսարը՝ տնտեսական աճի նոր աղբյուր
Fitch-ն առաջին անգամ բավական հստակ ձևակերպմամբ նշում է, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական աճի լրացուցիչ խթաններից մեկը։
Գործակալության գնահատմամբ՝ միջնաժամկետ հեռանկարում հենց նոր ներդրումային նախագծերը կարող են ապահովել տնտեսական աճի պահպանման կարևոր աղբյուրներ։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տ․գ․թ․ Սուրեն Պարսյանի մեկնաբանությամբ՝ Ամուլսարի նախագիծը տարիներ շարունակ եղել է ոչ միայն տնտեսական, այլև բնապահպանական և քաղաքական բուռն քննարկումների առարկա, սակայն դրա վերսկսումը 2025 թվականի ընթացքում վճռորոշ նշանակություն ունի Հայաստանի տնտեսության ապագայի համար: Խոսքը միայն մեկ հանքի մասին չէ, այլ մի ամբողջ արդյունաբերական էկոհամակարգի վերածննդի, որը կարող է էապես փոխել մարզային զարգացման պատկերը: Հանքի շահագործումը ենթադրում է ոչ միայն ուղղակի արտադրություն, այլ նաև ենթակառուցվածքների բարելավում, տրանսպորտային հոսքերի ակտիվացում, ծառայությունների ոլորտի աճ և հարկային մուտքերի զգալի ավելացում: Տնտեսական տեսանկյունից՝ Ամուլսարը կարող է ապահովել ՀՆԱ-ի տարեկան աճի լրացուցիչ 0.8-1.2 տոկոս, ինչը շատ զգալի ցուցանիշ է այն պայմաններում, երբ ավանդական արդյունաբերական ճյուղերն աստիճանաբար կորցնում են իրենց ազդեցությունը: Այս ազդեցությունն առավել նշանակալի կլինի, եթե հաշվի առնենք, որ հանքի գործարկումը կստեղծի մոտավորապես 1.000 ուղղակի և մի քանի հազար անուղղակի աշխատատեղեր, ինչը հատկապես կարևոր է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, որտեղ գործազրկության մակարդակը ավանդաբար բարձր է եղել:
Միաժամանակ, տնտեսագետն ընդգծում է որ Ամուլսարի տնտեսական ներուժն ամբողջությամբ կիրականանա միայն այն դեպքում, եթե կառավարությունը կարողանա ապահովել թափանցիկ կառավարում, բնապահպանական խիստ վերահսկողություն և եկամուտների արդար բաշխում: Այս նախագիծը փորձաքար է դառնալու օտարերկրյա ներդրումների նկատմամբ վստահության համար. եթե այն հաջող ընթանա, այն կարող է ազդանշան լինել այլ խոշոր ներդրողների համար, որ Հայաստանը պատրաստ է համատեղել զարգացումը և պատասխանատվությունը: Ընդհակառակը, ցանկացած ձախողում կամ թափանցիկության բացակայություն կարող է երկար տարիներ հետ կանգնեցնել ներդրումները:
«Այստեղ հատկապես կարևոր է, որ հանքի շահագործումից ստացվող եկամուտները չսպառվեն ընթացիկ ծախսերում, այլ ուղղվեն ենթակառուցվածքային, կրթական և առողջապահական ծրագրերի, որոնք երկարաժամկետ ազդեցություն ունեն աճի որակի վրա: Իհարկե, չպետք է անտեսել նաև արտաքին ռիսկերը: Հայաստանի տնտեսության համեմատաբար ցածր կախվածությունը նավթից իսկապես սահմանափակում է Իրանում հնարավոր ռազմական սցենարների անմիջական ազդեցությունը, սակայն տարածաշրջանային անկայունությունը միշտ էլ ազդում է տարանցման ուղիների, ապահովագրական ծախսերի և ներդրումային տրամադրությունների վրա: Ավելի մեծ մտահոգություն է ներկայացնում Ռուսաստանի կողմից ներմուծման սահմանափակումները, որոնց տնտեսական հետևանքները դեռևս հստակ չեն: Ռուսաստանը մնում է Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը, և ցանկացած սահմանափակում ազդում է ինչպես արտահանման ծավալների, այնպես էլ արտարժույթի ներհոսքի վրա: Այս համատեքստում Եվրոպական միության հետ համատեղ արտահանողներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը և սակագնային արտոնությունները ճիշտ ուղղվածություն ունեն, սակայն դրանք երկարաժամկետ չեն կարող փոխարինել ներքին արտադրողականության աճին և արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը: Ամուլսարը հենց այն գործիքներից է, որը կարող է օգնել այս ուղղությամբ՝ ապահովելով արտահանվող ապրանքների որակական նոր կառուցվածք՝ ոչ միայն գյուղատնտեսական և հանքային հումք, այլև ավելի բարձր վերամշակված արտադրանք»,-եզրակացնում է Պարսյանը։