Ընտրված մրգերի և պտուղների ներմուծումը ԵՄ 2025 թ-ին. ACSES

2026 թվականի մայիսից Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքների, այդ թվում՝ մրգերի և բանջարեղենի նկատմամբ, որոնց արտահանման ավելի քան 90%-ը մինչ այդ ուղղվում էր ռուսական շուկա։ Դրանց թվում առանձնահատուկ նշանակություն ունեն ծիրանը, դեղձը, ելակը և կեռասը, որոնք Հայաստանից արտահանվող հիմնական մրգերից և պտուղներից են։
 2025 թվականին Հայաստանից արտահանվել է 44,011 տոննա ծիրան, 11,549 տոննա դեղձ՝ ներառյալ նեկտարին, 4,396 տոննա կեռաս և 1,841 տոննա ելակ։
Ռուսական շուկայում կիրառված սահմանափակումների պայմաններում ԵՄ-ն դիտարկվում է որպես հայկական մրգերի արտահանման հնարավոր այլընտրանքային շուկա։ Այս համատեքստում կարևոր է հասկանալ ԵՄ շուկայի ներմուծման ծավալներն ու հիմնական մատակարարներին՝ պարզելու համար, թե ինչ մրցակցային միջավայրում կարող են հայտնվել հայկական մրգերը։
2025 թվականին ԵՄ երկրները ներմուծել են 157 հազար տոննա ծիրան, 861 հազար տոննա դեղձ` ներառյալ նեկտարին, 104 հազար տոննա կեռաս և 453 հազար տոննա ելակ։ Այս մրգերի հիմնական մատակարարը ԵՄ շուկայում Իսպանիան է․ մասնավորապես, այն ապահովել է ԵՄ ծիրանի ներմուծման 49%-ը, դեղձի (ներառյալ նեկտարին)՝ 68%-ը, կեռասի՝ 39%-ը և ելակի՝ 50%-ը։