Կառավարությունը հաստատեց «Թրամփի ուղի» (ԹՐԻՓՓ) նախագծի շրջանակային համաձայնագիրը

Հայաստանի կառավարությունը հուլիսի 16-ի նիստում հաստատեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը՝ մեկնարկելով դրա վավերացման գործընթացը։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ հաջորդ փուլում փաստաթուղթը կուղարկվի Սահմանադրական դատարան՝ սահմանադրականության վերաբերյալ եզրակացություն ստանալու համար։ Եթե ՍԴ-ն արձանագրի, որ համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը, այն կներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը։

Կառավարության նիստին քննարկվեց նաև ԹՐԻՓՓ+ հիմնադրամի հարցը, որի կղեկավարի Կոնստանտին Սոկոլովը ․ «ԹՐԻՓՓ+ կոչվող ղեկավարը` նշանակված մարդն է, այն վերաբերում է ԹՐԻՓՓ+ ներդրումային ընկերությանը, սա Հայաստանի տարածքում գործելիք ու հիմնադրվելիք ԹՐԻՓՓ ընկերության հետ շատ անուղղակի կապ ունի»,- ամփոփեց Միրզոյանը։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանում ԹՐԻՓՓ-ի հիմնադրման գործընթացն ավարտելու համար դեռ պետք է համաձայնեցվեն ևս երկու փաստաթուղթ՝ բաժնետերերի միջև համաձայնագիրը և ընկերության կանոնադրությունը, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են։

Նա ընդգծեց, որ ամբողջ գործընթացն իրականացվում է Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության հարգմամբ։

Նախարարի ներկայացմամբ՝ ԹՐԻՓՓ ընկերությունը Հայաստանի տարբեր գոտիներում կկարողանա հիմնել դուստր ընկերություններ և ձեռք բերել կառուցապատման իրավունք՝ նախնական 49 տարի ժամկետով։ Ընկերության բաժնետոմսերի 74 տոկոսը կպատկանի ամերիկյան կողմին, իսկ 26 տոկոսը՝ Հայաստանի Հանրապետությանը։

Միրզոյանի խոսքով՝ 49-ամյա ժամկետի ավարտից հետո հնարավոր կլինի այն երկարաձգել ևս 50 տարով, ինչի արդյունքում Հայաստանի բաժնեմասը կարող է ավելանալ՝ հասնելով մինչև 49 տոկոսի։

Հունիսի 1-ին Վաշինգտոնում և հունիսի 4-ին Երևանում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:

2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել են համատեղ հռչակագիր։ Հռչակագրով հաստատվել է TRIPP նախագիծը՝ որպես տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագիր։