Արտարժույթի փոխանակման եկամուտները նվազում են

Հայաստանի առևտրային բանկերի համար վերջին տարիներին արտարժույթի փոխանակման գործառնությունները դարձել էին եկամուտների կարևոր աղբյուրներից մեկը։ Սակայն 2026 թվականի առաջին կիսամյակում այդ միտումը փոխվել է․ այդ ուղղությամբ արձանագրվել է եկամուտների զգալի նվազում, ինչը բացասաբար է անդրադարձել մի շարք բանկերի ֆինանսական արդյունքների վրա։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը՝ նշելով, որ հատկապես արտարժույթի փոխանակման եկամուտների կրճատումը զգալի է եղել առանձին բանկերի դեպքում։

Նրա ներկայացրած տվյալներով՝ Արդշինբանկի արտարժույթի փոխանակման գործառնություններից ստացված եկամուտը 2026 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 8.76 մլրդ դրամով, իսկ Էվոկաբանկինը՝ 8.14 մլրդ դրամով։

Այդուհանդերձ, արտարժույթի շուկայում եկամուտների անկումը չի խոչընդոտել բանկային համակարգի ընդհանուր շահութաբերությանը։ Հայաստանի առևտրային բանկերը 2026 թվականի հունվար–հունիս ամիսներին ապահովել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 7 տոկոսով գերազանցում է 2025 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշը։

Modex-ից տեղեկանում ենք, որ կիսամյակի արդյունքներով ամենամեծ զուտ շահույթը գրանցել է Արդշինբանկը՝ շուրջ 69 մլրդ դրամ, երկրորդ տեղում է Ամերիաբանկը՝ մոտ 40 մլրդ դրամ։

Միաժամանակ, զուտ շահույթի ամենամեծ աճն արձանագրել է Ամերիաբանկը, որի ցուցանիշն ավելացել է 7.5 մլրդ դրամով։ Ըստ Հայկազ Ֆանյանի՝ դա հիմնականում պայմանավորված է բանկի զուտ տոկոսային եկամուտների աճով։

Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի բոլոր առևտրային բանկերն աշխատել են շահույթով, թեև դրանցից վեցի դեպքում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է զուտ շահույթի նվազում։