ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը մասնակցել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կայացած «Հայաստանի մաքսային համակարգում արհեստական բանականության կիրառում և կառավարում» թեմայով դասընթացին։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Դասընթացների ընթացքում քննարկվել են Չինաստանի մաքսային ընդհանուր համակարգի գործունեությունը, ինչպես նաև մաքսային ծառայության և հսկողության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) գործիքների ու խելացի սարքավորումների ներդրման առաջավոր փորձը։

Դասընթացների և աշխատանքային շրջայցերի շրջանակում ՊԵԿ պատվիրակությունը հնարավորություն է ունեցել նաև գործնականում ծանոթանալ արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող առաջադեմ սարքավորումների անմիջական գործառնությանը։

ՊԵԿ աշխատակիցներն ուսումնական այցով եղել են նաև ժամանակակից մաքսային պահեստում, որտեղ տեղում ծանոթացել են խելացի տեսախցիկների և ավտոմատացված զննման համակարգերի աշխատանքին։ Այցը հնարավորություն է տվել համապարփակ պատկերացում կազմել բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառական արդյունավետության, ապրանքների պահպանության և մաքսային հսկողության ապահովման, ինչպես նաև մաքսային ընթացակարգերում դրանց ինտեգրման գործնական մեխանիզմների վերաբերյալ։

Մաքսային գործառնություններում խելացի սարքավորումների կիրառման շրջանակում ուսումնասիրվել են նաև դրանց օգտագործման հնարավորություններն ու մեխանիզմները, ինչպես նաև ԱԲ կիրառմամբ այդ սարքավորումներից ստացվող տվյալների և նկարների վերլուծության ու որոշումների կայացման եռաստիճան համակարգը։ Դասընթացին զուգահեռ ՊԵԿ աշխատակիցները մասնակցել են  լիազորված տնտեսական օպերատորների ծրագրի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններին։ Բացի ակադեմիական ծրագրից, հայկական պատվիրակությունը մասնակցել է նաև ուսումնական շրջայցերի, որոնց միջոցով հնարավորություն է ընձեռվել ավելի լավ ճանաչել Չինաստանի տնտեսական զարգացումը, տեխնոլոգիական առաջընթացն ու մշակութային ժառանգությունը։

Պատվիրակության կազմում բացի ՊԵԿ աշխատակիցներից ընդգրկված էին նաև ՀՀ էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների ներկայացուցիչներ։ Այս նախաձեռնությունը ֆինանսավորվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից և իրականացվել է Չինաստանի մաքսային գլխավոր վարչության ու Շանհայի մաքսային համալսարանի ջանքերով։ Հայկական պատվիրակության  Չինաստան այցի նախապատրաստման հարցում  աջակցել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությանը։

Երկու երկրների միջև ձևավորված մասնագիտական կապերը, կիրառելի լավագույն փորձը և նոր գիտելիքները կծառայեն Հայաստանի մաքսային վարչարարության թվային վերափոխման, ինչպես նաև Հայաստանի և Չինաստանի մաքսային մարմինների միջև հետագա սերտ համագործակցության զարգացման համար։

Ձեռք է բերվել փոխադարձ պայմանավորվածություն՝ շարունակելու երկու երկրների միջև մաքսային համագործակցությունը՝ ուղղված երկկողմ առևտրի հետագա խթանման և ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, մաքսային սպասարկման և հսկողության մեթոդների արդիականացման ու զարգացման ոլորտներում փորձի փոխանակմանը, ինչպես նաև ՀՀ և ՉԺՀ լիազորված տնտեսական օպերատորների փոխճանաչման համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքների շարունակմանը։