ՀԿԱԾ 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հաշվետու խորհրդակցություն։ Ամփոփվել են Ծառայության Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների կողմից 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Հաշվետու խորհրդակցությանը մասնակցել են Ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների պետերը։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից տեղեկացնում են, որ 2026 թվականի առաջին կիսամյակում պահանջատերերի օգտին բռնագանձվել է ավելի քան 35 մլրդ դրամ, ինչը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 19 %-ով։

Պետբյուջեի օգտին բռնագանձված ավելի քան 12 մլրդ. դրամը գերազանցում է  նախորդ տարվա համադրելի ցուցանիշը շուրջ 18%-ով, իրավաբանական անձանց օգտին բռնագանձված  շուրջ 22 մլրդ. դրամը՝ շուրջ 23%-ով, իսկ ֆիզիկական անձանց օգտին բռնագանձվածը՝ 9%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում բռնագանձվել է ավելի քան 2,5 մլրդ  դրամ կատարողական վճար (կատարողական ծախս), որը 2025 թ առաջին կիսամյակում գանձվածի համեմատ ավելի է շուրջ 64 մլն դրամով։

Զեկուցվել է նաև «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի կիրարկման,  հարկադիր կատարման թվային գործիքների շարունակական կատարելագործման հնարավորությունների մասին։ Մասնավորապես՝ ստեղծվել է ծրագրային հնարավորություն, որը թույլ է տալիս հաշվառել նաև ոչ գույքային բնույթի կատարողական վարույթները։

Ծառայության 2026 թվականի կիսամյակային արդյունքային ցուցանիշներն ամփոփելով՝ Գլխավոր հարկադիր կատարողը թեև դրական է գնահատել ծառայության կիսամյակային գործունեության ցուցանիշները, այդուհանդերձ տրվել են համապատասխան հանձնարարականներ առանձին ուղղություններով միատեսակ արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար։

ՀԿԱԾ 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունը հղմամբ։