ՋԿ ղեկավար կազմը Արագածոտնի մարզում էր. ուսումնասիրվել է ոռոգման ընթացքը

Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանն աշխատանքային այցով գտնվել են Արագածոտնի մարզում։

ՋԿ ղեկավար կազմը նախ այցելել է «Արագածոտն» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) գրասենյակ, որտեղ տնօրեն Գոռ Արշակյանի և ընկերության պատասխանատու աշխատակիցների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ վերլուծելով ոռոգման սեզոնի ընթացքում ջրամատակարարման կազմակերպման արդյունավետությունը, կատարված աշխատանքներն ու առկա խնդիրները։

 

Այնուհետև Ղալամքարյանն ու Դաղբաշյանը տեղում ուսումնասիրել են Ագարակավան գյուղի առաջին և երկրորդ աստիճանի պոմպակայանների վիճակը, խոսել վարչական ղեկավարի եւ ջրօգտագործողների ներկայացուցչի հետ։ ՋԿ նախագահն ընդգծել է գյուղատնտեսական հողերի խոշորացման կարեւորությունը՝ որպես պետական կապիտալ ներդրումների արդարացվածության նախապայման։

 

Այց է կատարվել նաև Ապարանի ջրամբար, որտեղ ղեկավար կազմին ներկայացվել են ջրամբարի լցվածությունն ու ոռոգման նպատակով ջրառի կանխատեսումները։

Շրջայցն ավարտվել է Նոր Երզնկա գյուղում, որտեղ պաշտոնյաները ծանոթացել են ազնվամորու, կեռասի և այլ պտղատու ինտենսիվ այգիների ոռոգման կազմակերպմանը։