Շրջայց հուլիսի 17-ին տեղացած ուժեղ կարկուտից առավել տուժած համայնքներ

 
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների գնահատման Շիրակի մարզային հանձնաժողովն այսօր, մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ, շրջայց է իրականացրել հուլիսի 17-ին տեղացած ուժեղ կարկուտից առավել տուժած համայնքներում։
Շրջայցի ընթացքում հանձնաժողովի անդամներն այցելել են Անի համայնքի Բագրավան բնակավայր, հանդիպել բնակիչներին և տեղում քննարկել կարկուտի հետևանքով պատճառված վնասների ծավալները։ Արձանագրվել են բնակելի տների տանիքների, ավտոմեքենաների և գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վնասման դեպքեր։
Հանձնաժողովն այցելել է նաև Անի համայնքի Ձիթհանքով և Լանջիկ բնակավայրեր, որտեղ նախնական գնահատականների համաձայն վնասներ են կրել հիմնականում գյուղատնտեսական հողատարածքները։
Նշենք, որ համայնքային հանձնաժողովները շարունակում են ընդունել քաղաքացիների ահազանգերը՝ հնարավորինս ամբողջական պատկեր կազմելու և վնասների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը Շիրակի մարզային հանձնաժողովին ներկայացնելու նպատակով։