Ռուսաստանն ու Չինաստանը քննարկել են Արհեստական բանականության համաշխարհային կազմակերպության ստեղծումը

Շանհայում տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Ալիմովի և նրա չինացի գործընկեր Լյու Բինի հանդիպումը։ Բանակցությունների գլխավոր թեման եղել է արհեստական բանականության ոլորտում համագործակցության միջազգային հարթակների ստեղծման հեռանկարները։

Այս մասին հանդիպման արդյունքներով հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպումը կայացել է Արհեստական բանականության համաշխարհային համաժողովի շրջանակում։ Կողմերը քննարկել են Արհեստական բանականության համագործակցության համաշխարհային կազմակերպության ստեղծման հարցը։

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ նոր կառույցի ստեղծումը պետք է նոր հնարավորություններ բացի արհեստական բանականության ոլորտում գլոբալ գործընկերության զարգացման համար՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրա։ Առանձնահատուկ ընդգծվել է, որ կազմակերպությունն իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է զարգացող երկրների կարիքներով։ Դրա նպատակն է ապահովել բոլոր պետությունների հավասար հասանելիությունը արհեստական բանականության առաջատար տեխնոլոգիաներին և լուծումներին։

Բացի այդ, կողմերն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի գործունեությանը վերաբերող հարցերին։ Նրանք պայմանավորվել են շարունակել սերտ համակարգումը այս համընդհանուր միջազգային հարթակում։

Ալեքսանդր Ալիմովը նաև Լյու Բինին հրավիրել է մասնակցելու երկրորդ Գլոբալ թվային ֆորումին, որը կանցկացվի Մոսկվայում հոկտեմբերի 8-10-ը։