ԱՄՀ առաքելությունը ԿԲ-ում քննարկել է կլիմայական ռիսկերի գնահատման և «կանաչ» ֆինանսավորման վիճակագրության զարգացումը
Հուլիսի 20–24-ը Հայաստանում գտնվող Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) «Շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխության վիճակագրություն» թեմայով տեխնիկական աջակցության առաքելությունն այցելել է ՀՀ կենտրոնական բանկ։
ԱՄՀ վիճակագրության վարչության տնօրենի տեղակալ Ալեսսանդրա Ալֆիերիի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կլիմայական ռիսկերի գնահատման, սթրես-թեստավորման և սցենարային վերլուծության մեթոդաբանությունները, «կանաչ» վարկավորման և կայուն ֆինանսավորման վիճակագրության հավաքագրման ու զարգացման հնարավորությունները, ինչպես նաև կլիմայական ռիսկերի բացահայտման և հաշվետվողականության բարելավման ուղղությունները։
Այցի շրջանակում ԱՄՀ առաքելության հիմնական նպատակն է գնահատել Հայաստանում շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխություններին առնչվող տվյալների հավաքագրման և վիճակագրության գործող համակարգը, բացահայտել տվյալային և ինստիտուցիոնալ հիմնական բացերը, ինչպես նաև ձևավորել վերլուծական հիմք՝ ոլորտում հետագա բարեփոխումների և կարողությունների զարգացման համար։
Նման տեխնիկական աջակցությունը կարևոր քայլ է Հայաստանի ֆինանսական համակարգում կլիմայական ռիսկերի կառավարման միջազգային մոտեցումների ներդրման և «կանաչ» ֆինանսավորման զարգացման համար անհրաժեշտ վիճակագրական բազայի ամրապնդման ուղղությամբ։