Պայքար խոսքի ազատությա՞ն, թե՞ զրպարտության դեմ. ՍԼԱՓՓ հայցերը Հայաստանում
Վերջին տարիներին Հայաստանում նկատելիորեն աճել է զրպարտության, վիրավորանքի և գործարար համբավի պաշտպանության հիմքով ներկայացվող դատական հայցերի թիվը։ Դրանք վերաբերում են ինչպես լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և ակտիվիստներին, այնպես էլ խոշոր ընկերությունների ու պետական պաշտոնյաների մասնակցությամբ վեճերին։ Այս զարգացումները հարց են առաջացնում՝ արդյո՞ք դրանք հեղինակության պաշտպանության օրինական միջոցներ են, թե՞ հանրային մասնակցությունը սահմանափակելու նպատակով կիրառվող ՍԼԱՓՓ (Strategic Lawsuits Against Public Participation) դատավարություններ։
Թեև ՍԼԱՓՓ հայցերի վերաբերյալ միջազգային քննարկումները վերջին տարիներին ակտիվացել են, Հայաստանում այդ հասկացությունը դեռևս չունի իրավական հստակ ձևակերպում։ Արդարադատության նախարարության «Օրենսդրության կարգավորման զարգացման կենտրոն» հիմնադրամի իրավաբան Մարիետտա Մնացականյանի խոսքով՝ գործող օրենսդրությունը չի սահմանում, թե ի՞նչն է համարվում ՍԼԱՓՓ հայց, հետևաբար հնարավոր չէ նաև նման գործերի պաշտոնական վիճակագրություն վարել։
Միևնույն ժամանակ, մասնագիտական շրջանակներում առանձնացվում են մի շարք ընդհանուր հատկանիշներ։ Սովորաբար նման հայցերը ներկայացվում են զրպարտության, վիրավորանքի կամ գործարար համբավին վնաս պատճառելու հիմքով, սակայն ՍԼԱՓՓ -ի դեպքում դրանց հիմնական նպատակը ոչ թե խախտված իրավունքի վերականգնումն է, այլ որոշակի անձանց, լրատվամիջոցների կամ հասարակական կազմակերպությունների հանրային գործունեության սահմանափակումը։ Դրանք հիմնականում առնչվում են հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող թեմաների՝ քաղաքականության, բնապահպանության, տնտեսության կամ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներին։ Հաճախ նշվում է նաև, որ նման գործերը կարող են լինել ակնհայտ անհիմն կամ միտումնավոր ձգձգվել՝ պատասխանող կողմի վրա ֆինանսական և հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով։
Չնայած պաշտոնական վիճակագրության բացակայությանը, Հայաստանում արդեն կան խոշոր ընկերությունների կողմից ներկայացված մի շարք աղմկահարույց դատական հայցեր։
«Լիդիան Արմենիա» ընկերության իրավախորհրդատու Արմեն Մելքումյանը պնդում է, որ իրենց կողմից ներկայացված հայցերը որևէ առնչություն չունեն ՍԼԱՓՓ դատավարությունների հետ։ Նրա խոսքով՝ դրանք բացառապես ուղղված են ընկերության խախտված իրավունքների վերականգնմանը։
«Տարիներ շարունակ «Լիդիան Արմենիա» ընկերության վերաբերյալ տարածվել են սուտ և կեղծ տեղեկություններ։ Մենք որոշել ենք այդ հրապարակումների իրավաչափությունը պարզել դատարանում և առաջարկել, որպեսզի բոլոր փաստարկները քննվեն դատական կարգով»,– նշում է նա։
Ընկերությունն այժմ ունի մոտ մեկ տասնյակ դատական գործ։ Արմեն Մելքումյանի համոզմամբ՝ դրանք չեն ծառայում որևէ մեկին լռեցնելու նպատակին, այլ միտված են պարզելու՝ հրապարակված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ։
Հանքարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներն ընդգծում են, որ կեղծ տեղեկությունները կարող են լրջորեն վնասել ընկերությունների հեղինակությանը, վտանգել ներդրումային միջավայրը և ֆինանսական կորուստների պատճառ դառնալ, հատկապես այն ընկերությունների դեպքում, որոնք ներկայացված են միջազգային ֆինանսական շուկաներում։ Այդ պատճառով, ըստ նրանց, հրապարակված մեղադրանքները պետք է ունենան ապացուցողական հիմք և անհրաժեշտության դեպքում ստուգվեն դատարանում։
Սակայն իրավաբանական համայնքում այս հարցի շուրջ միասնական դիրքորոշում չկա։ Փաստաբանների մի մասը համոզված է, որ Հայաստանում ներկայացվող որոշ հայցեր համապատասխանում են ՍԼԱՓՓ դատավարությունների բնորոշմանը, մյուսները նման գնահատականի հետ համաձայն չեն։
Հանրային մասնակցության հետ կապված դատական գործերով զբաղվող, բնապահպանների շահերը ներկայացնող փաստաբան Գուրգեն Թորոսյանի կարծիքով՝ յուրաքանչյուր գործ պետք է գնահատվի առանձին՝ հաշվի առնելով թե՛ հայցվորի, թե՛ պատասխանողի կարգավիճակը, ինչպես նաև հրապարակման թեման։ Նրա խոսքով՝ ՍԼԱՓՓ հայցերի հիմնական նպատակը հանրային շահին առնչվող հարցեր բարձրացնող անձանց կամ կազմակերպություններին լռեցնելն է։
«Եթե խոսքը վերաբերում է հանրային շահի պաշտպանությանը՝ օրինակ բնապահպանական խնդիրներին, իսկ այդ գործունեությունը դադարեցնելու նպատակով կիրառվում են ֆինանսական ծանր բեռ ստեղծող դատական գործեր, ապա դրանք կարող են դիտարկվել որպես ՍԼԱՓՓ հայցեր»,– ասում է փաստաբանը։
Մասնագետները հիշեցնում են նաև, որ մինչև 2021 թվականը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը վիրավորանքի համար նախատեսում էր մինչև մեկ միլիոն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչև երկու միլիոն դրամ փոխհատուցման հնարավորություն, ինչը ևս հաճախ քննարկվել է խոսքի ազատության սահմանափակման համատեքստում։
ՍԼԱՓՓ հայցերի դեմ միջազգային պայքարը վերջին տարիներին նոր փուլ է մտել։ 2024 թվականի ապրիլին ընդունվեց Եվրոպական միության 2024/1069 դիրեկտիվը, որը անդամ պետություններին պարտավորեցնում է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել հակա-ՍԼԱՓՓ չափանիշներին։ Իրավաբանների գնահատմամբ՝ հենց այս փուլից սկսվեց թեմայի առավել ակտիվ քննարկումը նաև Հայաստանում։
Ներկայում քննարկվում է հակա-ՍԼԱՓՓ իրավակարգավորման ներդրման անհրաժեշտությունը։ Հարցը գտնվում է նաև ՍԵՊՊԱ-ի քննարկումների օրակարգում։
Փոխհատուցման ենթակա գումարի չափի շուրջ ևս տարբեր գնահատականներ կան։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները նշում են, որ հայցերով պահանջվող գումարները հաճախ անհամաչափ բարձր են և կարող են զսպող ազդեցություն ունենալ խոսքի ազատության վրա։ Մինչդեռ ԶՊՄԿ-ի շահերը ներկայացնող փաստաբան Անի Ալավերդյանը բացատրում է, որ պահանջվող գումարի չափը պայմանավորված է օրենսդրական կարգավորման առանձնահատկություններով։
«Ինչո՞ւ են 6 մլն դրամ պահանջ դնում․ հիմնականում, որովհետեւ, ցավոք սրտի, մեր օրենսդրությունում չկա ինչ-որ չափորոշիչ, որ հայցվորը կարդա օրենքը, հասկանա՝ այս արտահայտությունների դեպքում նա կարող է պահանջել 1 մլն, 200 հազար, թե՞ 6 մլն դրամ։ Հետեւաբար, հայցվորը նշում է 6 մլն դրամ շեմը, իսկ դատարանն արդեն իսկ ինքն է որոշում, թե ինչքան գումար բավարարի։ Իմ պրակտիկայում երբեւիցե չի եղել դեպք, որ դատարանները բավարարեն 1-2 մլն դրամից ավելի փոխհատուցման պահանջը։ Եթե նայենք միջին վիճակագրությունը, անգամ կարող է չգերազանցել 500 հազար դրամը»։
Հանքարդյունահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները, իրենց հերթին, պարբերաբար շեշտում են, որ չհիմնավորված հրապարակային մեղադրանքները կարող են լրջորեն վնասել կազմակերպության հեղինակությանը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» Արտաքին կապերի պատասխանատու Աննա Սաղաբալյանը ներկայացնում է հետևյալ օրինակը.
«Ենթադրենք՝ որևէ հանրային գործիչ հայտարարում է, որ իքս ընկերությունը կոռուպցիայի միջոցով է ստացել իր լիցենզիաները։ Ընկերությունը դիմում է դատարան և պահանջում ապացուցել այդ պնդումը։ Եթե հանրային գործիչը չի կարողանում դա անել, նրան կարող են մեղադրել զրպարտության մեջ։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ գործը ՍԼԱՓՓ է։ Այսինքն՝ եթե անձը հանրային գործիչ է, արդյո՞ք ինքնաբերաբար իրավունք ունի ընկերությանը մեղադրել կոռուպցիայի մեջ»։
Սաղաբալյանի խոսքով՝ դեպքերից մեկով իրենց ընկերությունը լրատվամիջոցի դեմ հայց չի ներկայացրել, քանի որ վերջինս հրապարակումից հետո հերքել է տեղեկատվությունը՝ ընդունելով դրա կեղծ լինելը։ Փոխարենը հայց է ներկայացվել այն անձի դեմ, որը հրաժարվել է հրապարակայնորեն հերքել նույն տեղեկատվությունը։
Ընկերության ներկայացուցիչը նշում է, որ այս դեպքում դատական հայցի նպատակը ոչ թե լրատվամիջոցի կամ անձի համար ֆինանսական բեռ ստեղծելն էր, այլ ընկերության գործարար համբավի պաշտպանությունն ու վերականգնումը։
Թեև Հայաստանում դեռևս չկան ՍԼԱՓՓ գործերով մասնագիտացված դատարաններ կամ հատուկ ընթացակարգեր, դատական համակարգում արդեն իրականացվում են մասնագիտական վերապատրաստումներ։ 2026 թվականի հուլիսի 1–3-ը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանը, Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը և Երևանի քրեական դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանը Լեհաստանում մասնակցել են «Countering SLAPPs» («Ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության դեմ պայքար») խորագրով միջազգային վերապատրաստմանը։
Ծրագրի նպատակն էր զարգացնել դատավորների տեսական և գործնական կարողությունները՝ ՍԼԱՓՓ հայցերը ժամանակին բացահայտելու, ինչպես նաև ազգային իրավական համակարգերում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները կիրառելու ուղղությամբ։
Միաժամանակ, ՍԼԱՓՓ-ների շուրջ միջազգային և տեղական քննարկումների առանցքային հարցերից մեկն այն է, թե որտեղ է անցնում հեղինակության իրավաչափ պաշտպանության և հանրային մասնակցությունը սահմանափակելու վտանգ պարունակող դատական հայցերի միջև սահմանագիծը։
Նշենք, որ ՍԼԱՓՓ հայցերի թեման Հայաստանում նույնպես աստիճանաբար դառնում է հանրային քննարկման առարկա։ «ՍԼԱՓՓ հայցերը Հայաստանում․ որտե՞ղ է հեղինակության պաշտպանության, զրպարտության և հանրային խոսքի ազատության սահմանը» թեմայով քննարկումը կազմակերպել էր Տնտեսական լրագրողների ակումբը՝ մեկ հարթակում համախմբելով իրավաբանների, լրագրողների, բնապահպանական և հանքարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների։