Հայաստանը ներկայացվեց Բոլիվիայի զբոսաշրջային քարտեզում՝ որպես նոր և գրավիչ ուղղություն

Սանտա Կրուս քաղաքի կենտրոնական հատվածում տեղակայված  Ֆրանս-գերմանական մշակութային կենտրոնում անցկացվել է Հայաստանը՝ որպես նոր և գրավիչ զբոսաշրջային ուղղություն ներկայացնող միջոցառում, որը կազմակերպվել էր Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Բոլիվիայում ՀՀ պատվավոր հյուպատոսության համատեղ նախաձեռնությամբ։
Միջոցառման շրջանակում ելույթներով հանդես են եկել համատեղության կարգով Բոլիվիայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը և Բոլիվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մարսելո Օրտուստե Գոնսալեսը։
Դեսպան Գևորգյանը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, վերջին տարիներին ոլորտում արձանագրված առաջընթացը և միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման գործում գրանցված հաջողությունները։
Միջոցառման ընթացքում ցուցադրվել են Հայաստանի զբոսաշրջային ներուժը ներկայացնող տեսահոլովակներ, ինչպես նաև կազմակերպվել է լուսանկարչական ցուցահանդես։
Միջոցառմանը ներկա են գտնվել Բոլիվիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի անդամներ, խորհրդարանականներ, նահանգային և քաղաքային իշխանությունների, զբոսաշրջության ոլորտի, ակադեմիական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, տեղի հայ համայնքի անդամներ։
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել ընդունելություն: