Կենտրոնական բանկում ամփոփվել են Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի արդյունքները
Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի փետրվարի 15-ին՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով երիտասարդ մասնագետների շրջանում: Հայտերի ընդունման մեկուկես ամսվա ընթացքում ստացվել է 701 դիմում։ Մրցակցային ընտրության արդյունքում ծրագրին մասնակցելու հնարավորություն է ստացել 40 երիտասարդ մասնագետ, ովքեր հաջողությամբ ավարտել են շուրջ մեկ տարի տևած մասնագիտական զարգացման ծրագիրը։
Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Կենտրոնական բանկի գործունեությանը, փորձելու իրենց ուժերը տարբեր մասնագիտական ուղղություններում և դառնալու իրական աշխատանքային գործընթացների մասնակից: Մասնագիտական փորձառությունն անցկացվել է Կենտրոնական բանկի հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներում՝ յուրաքանչյուր կիսամյակ գործունեություն ծավալելով տարբեր վարչությունում։ Այս ձևաչափը հնարավորություն է տվել նրանց ծանոթանալու աշխատանքի տարբեր ուղղություններին և ձեռք բերելու հնարավորինս բազմակողմանի մասնագիտական գիտելիքներ ու գործնական հմտություններ։
Ծրագրի ավարտին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակիցներին հանձնել է մասնակցության հավաստագրեր։
Հաջորդ փուլում ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան հավակնելու Կենտրոնական բանկում առկա թափուր հաստիքներին և ստանալու աշխատանքի առաջարկ։