Քննարկվել են KfW գերմանական բանկի դրամաշնորհային ծրագրի միջոցառումները

Այսօր Ջրային կոմիտեում (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանի գլխավորությամբ քննարկվել են գերմանական «Վերականգնման վարկերի բանկ»-ի (KfW) ֆինանսավորմամբ իրականացվող «Ինտեգրված ջրային ռեսուրսների կառավարում. Ախուրյան գետի վրա Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի շրջանակներում նախատեսված ուղեկցող միջոցառումների խորհրդատվական ծառայությունների մանրամասները։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՋԿ նախագահի տեղակալները, ոլորտային պատասխանատուները, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների՝ Շրջակա միջավայրի նախարարության, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանություն և մոնիթորինգ» ՊՈԱԿ-ի, «Շիրակ» ՋՕԸ-ի, ՀՏԶՀ-ի և «Ջրառ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։

Խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիրը Ջրային կոմիտեի և GFA Consulting Group GmbH-ի գլխավորած միջազգային կոնսորցիումի միջև կնքվել է ս.թ. հունիսի 9-ին։ Ծառայությունները ներառում են տեխնիկական աջակցություն, վերլուծությունների և հաշվետվությունների պատրաստում, վերապատրաստումներ, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում՝ նպատակ ունենալով աջակցել Ախուրյան գետի ավազանի ջրային և հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և կառուցման ենթակա Կապսի ջրամբարի ու ինքնահոս ոռոգման համակարգի կայուն շահագործմանը։

Ծրագրի իրականացումը կնպաստի չավարտված Կապսի ջրամբարի հետ կապված տեխնիկական և անվտանգության ռիսկերի նվազեցմանը, ջրային ռեսուրսների կառավարման ժամանակակից մոտեցումների ներդրմանը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական պահանջների կատարմանը։