Արտոնություններ են տրամադրվել ներդրումային հերթական ծրագրերին. կստեղծվեն նոր աշխատատեղեր

Կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու հնարավորություն է տրվել «Խաչեն Վայնզ», «Էմ Էռ Ինվեստ» և «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ներին:

«Խաչեն Վայնզ» ընկերությունը նախատեսում է կառուցել գինու ժամանակակից գործարան (որն ունենալու է նաև իր սեփական լաբորատորիան) և թողարկել միջազգային ստանդարտներին համապատասխան բարձորակ արտադրանք։ Թողարկված արտադրանքը նախատեսվում է արտահանել ԱՄՆ, ՌԴ և ԵՄ երկրներ։ Արտադրությունն իրականացվելու է Վայոց ձորի մարզում։ 2020 թ. հիմնադրված ընկերությունը նախատեսում է իրականացնել 320 մլն դրամի կապիտալ ներդրում և 2 մլն դրամի ներդրում՝ շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ստեղծել 6 նոր աշխատատեղ՝ մինչև 210 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 35.8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3.5 մլն դրամ:

«Էմ Էռ Ինվեստ» ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է հիմնել խնձորի և կեռասի ինտենսիվ այգիներ ՀՀ Կոտայքի մարզում։ 2018 թ. հիմնադրված ընկերությունը նախատեսում է իրականացնել 3.2 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ներկայումս առկա է 45 աշխատատեղ 204 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.14 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 70.2 մլն դրամ:

«Արտ Գլոբալ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել մեկանգամյա օգտագործման թղթե սպասքի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ 2015 թ. հիմնադրված ընկերությունը նախատեսում է իրականացնել 2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակում կստեղծվի 24 նոր աշխատատեղ՝ մինչև 195 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 100 մլն դրամ: