Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման եւ կանխարգելման անվճար ծրագրից նաեւ մարզերի բնակիչներն են օգտվել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով 1948 թվականին կառույցի հիմնադրումը: 2021 թվականի կարգախոսն է. «Կառուցել ավելի արդար և ավելի առողջ աշխարհ բոլորի համար»: Այս կարգախոսով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել առողջության անհավասարությունները վերացնելու ուղղությամբ՝ մեկ տարի տևող համաշխարհային արշավի շրջանակներում միավորելով  մարդկանց ջանքերը՝ ավելի արդար, ավելի առողջ աշխարհ կառուցելու համար: Քարոզարշավը կարևորում է ԱՀԿ-ի սահմանադրական սկզբունքը, ըստ որի. «Առողջության բարձրագույն ստանդարտի  հասնելը  յուրաքանչյուր մարդու հիմնարար իրավունքն է՝ առանց ռասայի, կրոնի, քաղաքական համոզմունքի, տնտեսական կամ սոցիալական վիճակի տարբերակման»:

Թերեւս, Վ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում այս տարվա հունվարից իրականացվող  կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման եւ կանխարգելման ծրագիրը բխում է ԱՀԿ–ի սահմանադրական սկզբունքից։ Ծրագրի շրջանակում 45 տարեկանից բարձր անձինք կարող են անցնել անվճար կոլոնոսկոպիա։

Կոլոռեկտալ քաղցկեղը աշխարհում 3-րդ ամենատարածված քաղցկեղի տեսակն  է մեծահասակների մոտ։ Հայաստանում վերջին 10 տարվա ցուցանիշների վերլուծությունից պարզվել է, որ 2019 թվականին նոր դեպքերի թիվը 2009 թվականի համեմատ՝ 100-ով ավելացել  է։ Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ ախտորոշման մեթոդ է կոլոնոսկոպիան, որով ոչ միայն հայտնաբերում են պոլիպները, այլ նաեւ հեռացնում, ինչպես նաեւ հնարավորություն են ունենում  կասկածելի գոյացությունից վերցնել կտոր հյուսվածաբանական հետազոտության համար:

Կենտրոնը համալրվել է ժամանակակից  էնդոսկոպիկ համակարգով (կոլոնոսկոպ, գաստրոսկոպ, դուոդենոսկոպ), որը թույլ է տալիս կատարել ստամոքսաղիքային տրակտի ինչպես ախտորոշիչ, այնպես էլ վիրահատական միջամտություններ։  Տնօրինության նախաձեռնությամբ մեկնարկած անվճար ծրագիրը իրականացվում է կենտրոնի միջոցներով և կտևի մինչև հունիս ամիսը։ Հետազոտություններն իրականացնում են որովայնային և էնդովիրաբուժության  բաժանմունքի վարիչ Արմեն Նիկողոսյանն ու բժիշկ-էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանը։ Վերջինիս խոսքով, պոլիպների հեռացումը այս ձեւով կարող է կանխել կոլոռեկտալ քաղցկեղի զարգացումը եւ վաղ հայտնաբերման դեպքում այն լիարժեք բուժվում է։

Մեր հարցմանը ի պատասխան՝ կենտրոնից տեղեկացրին, որ մինչ օրս ծրագրից օգտվել է 207 մարդ, որի 70 տոկոսը մարզերից է։ Հետազոտվողներից  90-ը՝ տղամարդ են, 117-ը՝ կին։ 49 անձի մոտ հայտնաբերվել են հաստ աղու պոլիպներ, որոնք տեղում հեռացվել են։ 28 հիվանդի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ։