«Կարմիր գծերի» գույնը Երևանում կփոխվի, ավտոկայանատեղիների վճարի չափերը կվերանայվեն

Երևանում կարմիր գծերից հրաժարվելու գաղափարը վաղուց հասունացած նախաձեռնություն էր։ Ժամանակին, երբ այդ նախագիծը ներդրվում էր, նպատակներից մեկը մայրաքաղաքի փողոցները մեքենաներից բեռնաթափելն էր, հատկապես` քաղաքի կենտրոնում, սակայն, «Վարորդի ընկեր» ՀԿ–ի համահիմնադիր, ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանի խոսքով, այդ գաղափարն իրեն չարդարացրեց։

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սիփան Փաշինյանը ապրիլին հայտնեցին, որ պատրաստվում են Երևանի կայանատեղիների հետ կապված հարցերի կարգավորման մասին օրինագիծ շրջանառության մեջ դնել։ Եթե խորհրդարանը հաստատի, ապա քաղաքում կարմիր գծերի շուրջ 80%–ը կվերացվի։ Կարմիր գծերով նշված վճարովի կայանատեղիներ կմնան միայն կենտրոնում, մասամբ` Արաբկիր վարչական շրջանում։

Կարմիր գծերին կայանած, բայց դրա համար չվճարողներին տուգանում էին շրջիկ տեսախցիկների լուսանկարների հիման վրա։ Սակայն գրեթե անհնար էր ապացուցել, որ վարորդը չի վճարել։ Քանի որ առաջին 15 րոպեն անվճար էր, վարորդները հիմնականում պնդում էին, որ 15 րոպեից ավել չեն կայանել, իսկ հակառակն ապացուցելն անհնար էր։

«Եվ կարմիր գծերը դարձան մայրաքաղաքի բյուջեն վատնելու պատճառ։ Ավտոսեփականատերերի և նրանց փաստաբանների համար, իհարկե, հաճելի էր, որ դատարանն ի վերջո բավարարում էր նրանց հայցադիմումը։ Սակայն պետության տեսանկյունից նման պրակտիկան բացարձակապես ձեռնտու չէր և ծախսատար», – ասում է փորձագետը։

Աղբյուրը՝   armeniasputnik.am