Արցախում խաղողի բերքատվության ցուցանիշները գոհացուցիչ են. Փոխնախարար

Արցախի Հանրապետությունում այս տարի խաղողի բերքատվության ցուցանիշները նախորդ տարվա համեմատ շատ ավելի գոհացուցիչ են՝ չնայած տեղացած կարկուտին, որը զգալի վնաս է հասցրել: Այս մասին ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն ԱՎետիսյանը:

«Նախորդ տարվա համեմատ ավելացել է համախառն արտադրանքի ցուցանիշը»,-հավելել է Վ.Ավետիսյանը:

Ընթացիկ տարվա խաղողի սեղանի սորտերի բերքահավաքի աշխատանքները մեկնարկել են օգոստոս ամսվա կեսերից, իսկ տեխնիկական սորտերինը՝ սեպտեմբերի կեսերից: Բերքահավաքը մեկնարկել է Մարտունու և Մարտակերտի շրջաններում, այնուհետև նաև Ասկերանի շրջանում:

«Ընթացիկ տարվա խաղողաքաղի աշխատանքները, կարելի է ասել, ավարտման փուլում են: Մարտակերտի շրջանում արդեն իսկ ավարտվել է, իսկ Մարտունու և Ասկերանի շրջաններում մոտ օրերս բերքահավաքը վերջնականապես կեզրափակվի: Աշխատուժի պակաս գրեթե չի եղել, համապատասխան օրավարձով աշխատանքներում ընդգրկվել են այգիների հարակից համայնքների բնակիչները»,-նշել է փոխնախարարը:

Խաղողի բերքի իրացման հետ կապված խնդիրներ մինչ օրս չեն առաջացել:

«Խաղողի բերքի մթերումն ու վերամշակումն իրականացնում են տեղական վերամշակող կազմակերպությունները, որոնք խաղողն ընդունում են՝ ըստ քաղցրության աստիճանի, որը պետք է լինի 20 տոկոսից ոչ պակաս: Որոշակի քանակությամբ էլ, խաղողն արտահանվում է Հայաստանի Հանրապետություն, որտեղ մթերում են գինիներ պատրաստելու նպատակով»,-մանրամասնել է Վիլեն Ավետիսյանը:

Անդրադառնալով նռան բերքահավաքին՝ Վիլեն Ավետիսյանը տեղեկացրել է,որ Հանրապետությունում այն մեծ ծավալով դեռևս չի մեկնարկել, քանի որ բերքն ամբողջությամբ դեռ չի հասունացել: Առանձին այգիներում, սակայն, որոշ հողօգտագործողներ արդեն սկսել են նռան բերքահավաքը:

Աղբյուրը՝   panorama.am